
Անկարան երբեք չի փոխի հակաակաբեկչական օրենքները. Թուրքիայի վարչապետ

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ երկրի հակաահաբեկչական օրենքները երբեք չեն փոխվի, անգամ, եթե դրանք բացասաբար ազդեն ԵՄ-ի հետ վիզաների չեղյալ հայտարարման համաձայնագրի վրա: Այս մասին նա հայտարարել է՝ ելույթ ունենալով Թուրքիայի խորհրդարանում, հայտնում է Haberturk TV-ն:
Թուրքիայի հակաահաբեկչական օրենսդրության փոփոխությունը ԵՄ-ի առաջ քաշած 72 պայմաններից է, որը պետք է իրականացնի Թուրքիան՝ վիզաների ազատականացման համար:
Մայիսի սկզբին Եվրահանձնաժողովն առաջարկել էր Եվրոպական խորհրդարանին ու ԵՄ խորհրդին չեղարկել վիզային սահմանափակումները Թուրքիայի քաղաքացիների համար, եթե Անկարան մինչև հունիսի վերջ իրականացնի մնացած պայմանները վիզաները չեղյալ հայտարարելու համար:
Դրանց թվում են կոռուպցիայի կանխարգելման միջոցառումները, Եվրոպոլի հետ օպերատիվ համաձայնագրի մասին բանակցությունների անցկացումը, դատական համագործակցությունը բոլոր անդամ երկրների հետ, ահաբեկչության դեմ պայքարի օրենսդրության վերանայումը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան չի փոխի իր հակակոռուպցիոն օրենսդրությունը ու ԵՄ-ին մեղադրել է երկերեսանիության մեջ: Ի պատասխան՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին չվախեցնել Եվրամիությանը աղմկոտ հայտարարություններով: