
Ռուսաստանն առաջին անգամ ընդգրկվել է «փափուկ ուժի» երկրների վարկանշային աղյուսակում

Բրիտանական Portland PR գործակալությունը առաջին անգամ Ռուսաստանին ներառել է «փափուկ ուժ» կիրառող 30 երկրից բաղկացած վարկանշային աղյուսակում:
Այդ աղյուսակում ընդգրկվելը նշանակում է պետության հնարավորությունը՝ ազդել մյուս երկրների վրա քաղաքացիական հասարակության արժեքների միջոցով, այլ ոչ թե զենքով կամ փողերով, գրում է «Կոմերսանտը»:
Ռուսաստանը հայտնվել է աղյուսակի 27-րդ հորիզոնականում: Անցած տարի Soft Power-ի վարկանշային աղյուսակում Ռուսաստանը զբաղեցրել էր 50-րդ հորիզոնականը:
2016թ. առաջատար դիրքում է հայտնվել ԱՄՆ-ը, երկրորդ տեղում Գերմանիան է, եռյակը եզրափակում է Ճապոնիան:
Ինդեքսի հաշվարկը կատարվել է՝ ելնելով երկու չափանիշից՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ ցուցանիշներից: Օբյեկտիվ ցուցանիշներ են համարվում այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են պետական կառավարումը, բիզնես մթնոլորտը, կրթությունն ու պետության ներգրավվածությունը գլոբալ խնդիրների լուծման հարցում:
Սուբյեկտիվ ցուցանիշները որոշվում են հասարակական կարծքի հարցումներով աշխարհի 25 երկրում: