«Ռուսաստանը փորձում է վերադարձնել նախաձեռնությունը՝ ղարաբաղյան կարգավորման գործընթացում»

«Համանախագահները միակամ են գործում Ղարաբաղում անվտանգ ռեժիմ հաստատելու շուրջ»,- այս մասին «168 Ժամի» հետ զրույցում ասաց Անվտանգության և միջազգային հարաբերությունների գերմանական ինստիտուտի վերլուծաբան Ուվե Հալբախը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարարության տեղեկատվական արտահոսքին այն մասին, որ Ռուսաստանը Սանկտ Պետերբուրգում ԼՂ հակամարտության կողմերի եռակողմ նախագահական գագաթաժողով է նախապատրաստում։

Հիշեցնենք, որ օրերս ՌԴ ԱԳՆ-ն խմբագրեց իր հաղորդագրություններից մեկն այն մասին, որ եռակողմ հանդիպում է նախապատրաստվում, սակայն ավելի ուշ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասաց, որ կան նման ծրագրեր։ Իր հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն ասել է, որ հանդիպումը ծրագրվում է հունիսի վերջին։ Նա հույս է հայտնել, որ կողմերը կփորձեն համաձայնության գալ անվտանգության ամրապնդման մեխանիզմների շուրջ։

Ուվե Հալբախն ասաց, որ Վիեննայի հանդիպումն էականորեն կարգավորման գործընթացը վերադարձրեց արևմտյան կառավարման գոտի, որը ներկայումս Ռուսաստանը, ինչպես երևում է, փորձում է վերադարձնել։

Ըստ նրա՝ Ռուսաստանի մյուս միջնորդ գործընկերները կարծես թե դրան դեմ չեն, Գերմանիան ևս, քանի որ Գերմանիայի կանցլեր Մերկելը հայտարարում է, որ Ռուսաստանն առաջատար խաղացող է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում։

«Սա նշանակում է, որ ԵԱՀԿ-ն դեմ չէ, որպեսզի Ռուսաստանի ջանքերի շնորհիվ խաղաղություն պահպանվի Ղարաբաղում։ Բայց Ռուսաստանի նպատակներն ու կարգավորման միջոցներն այդքան էլ հեշտ չեն բացատրվում։ Այնուամենայնիվ, եթե նույնիսկ արտաքին ուժերն ունեն տարաձայնություններ, ապա կարողանում են դրանք նրբորեն շրջանցել և կարգավորման գործընթացում առաջատարի դերը հերթականությամբ զիջել, քանի որ ԼՂ հակամարտության գոտում իրավիճակը պայթյունավտանգ է, և նրանք դա հասկացել են։

Կարծում եմ՝ առաջիկա բոլոր ջանքերը, հանդիպումներն ուղղված են լինելու խաղաղության և անվտանգության ամրապնդմանը, Ղարաբաղում բախումների կրկնությունը կանխելուն, լինի այդ հանդիպումը Ռուսաստանում թե Եվրոպայում։ Համանախագահների նպատակը ներկայումս կրկին բախում թույլ չտալն է, կարծում եմ՝ այս հարցի շուրջ նրանք համագործակցում են։ Ավելի խորը կարգավորման գործընթաց սկսելուց առաջ գլուխ կբարձրացնեն տարաձայնությունները, բայց մենք դեռ հեռու ենք այդ կետից»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս