
Բաքուն «Ֆորմուլա 1»-ն օգտագործում է իր իմիջը բարելավելու համար. Freedom House

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Բաքվում «Ֆորմուլա-1» Գրան պրի մրցաշարի անցկացման նախօրեին հանդես է եկել հայտարարությամբ, հայտնում է contact.az-ը:
«Քաղաքացիների հիմնարար ազատություններն ու այլակարծության ցանկացած դրսևորում ճնշող ադրբեջանական կառավարությունը ձգտում է օգտագործել նման մարզական միջոցառումները, ինչպիսին է «Ֆորմուլա 1»-ը, որպեսզի իրեն ցուցադրի որպես ժամանակակից ու բարեգութ իշխանություն»,- հայտարարել է Freedom House-ի փոխնախագահ Դանիել Քալինգաերտը:
Նա կոչ է արել միջազգային հյուրերին ուշադրություն դարձնել Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված վիճակի վրա:
«Մենք կոչ ենք անում Բաքու ժամանող լրագրողներին, կորպորատիվ հովանավորներին մրցության փայլի հետևում ուշադրություն դարձնել իշխանությունների բռնաճնշումային քաղաքականության, անհիմն կերպով բանտարկված ավելի քան 80 քաղբանտարկյալների, իրավապաշտպանների և լրագրողների վրա»,- հայտարարել է Քալինգաերտը:
Ադրբեջանի մայրաքաղաքում «Ֆորմուլա 1»-ն անցկացվելու է հունիսի 17-19-ը: