Ասիայի լավագույն բուհերը
Երրորդ տարին անընդմեջ Ասիայի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունն է ճանաչվել Սինգապուրի ազգային համալսարանը: Այս մասին վկայում են Quacquarelli Symonds բրիտանական ընկերության կողմից հրապարակված տարածաշրջանային բուհերի վարկանիշի արդյունքները:
Երկրորդ հորիզոնականը, ինչպես եւ մեկ տարի առաջ, զբաղեցրել է Հոնկոնգի համալսարանը, որին հաջորդում է Սինգապուրի եւս մեկ բուհ՝ Նանյանի տեխնոլոգիական համալսարանը, որն անցած տարվա վարկանիշի համեմատությամբ բարելավել է իր ցուցանիշները:
Այս տարի չորրորդ տեղը տրվել է Հոնկոնգի գիտության եւ տեխնոլոգիաների համալսարանին, որից անմիջապես հետո տեղ է զբաղեցրել Ցինխուա համալսարանը (Պեկին): Այս անգամ իր ցուցանիշները վատացրել է Կորեայի առաջավոր գիտության եւ տեխնոլոգիաների ինստիտուտը, որն իջել է միանգամից երեք դիրքով:
Ներկայիս հետազոտության մեջ ուսումնասիրվել են 350 տարածաշրջանային բուհեր այն դեպքում, երբ անցյալ տարի դրանք 300-ն էին: Համալսարանները գնահատվել են տասը չափանիշներով, ներառյալ ակադեմիական հեղինակությունը, գործատուների կարծիքը, դասախոսների եւ ուսանողների թվի հարաբերակցությունը, օտարերկրյա դասախոսների եւ ուսանողների, ինչպես նաեւ գիտական աստիճան ունեցող աշխատակիցների տեսակարար կշիռը, ինտերնետ-ռեսուրսների արդյունավետությունը եւ հրատարակչական ակտիվությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: