
Օբաման հունիսի 16-ին կայցելի Օռլանդո

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հունիսի 16-ին մտադիր է այցելել Օռլանդո քաղաք, որտեղ անցած կիրակի օրը սպանվել էր 49 մարդ: Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստը:
«Նախագահը կուղևորվի Օռլանդո, Ֆլորիդա նահանգ, որպեսզի իր ցավակցությունները հայտնի զոհերի հարազատներին, ինչպես նաև իր համերաշխությունը հայտնի տեղի հանրությանը, որը ներկայում փորձում է ուշքի գալ կատարվածից»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ 49 մարդ սպանվել է, ևս 53-ը վիրավորվել ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքի Pulse գիշերային ակումբում տեղի ունեցած հրաձգության ժամանակ:
29-ամյա էթնիկ աֆղանցի Օմար Մատինը, ըստ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տվյալների, սպանությունից առաջ զանգահարել է 911 և հայտնել ԴԱԻՇ-ի անդամ լինելու մասին, հայտնում է TASS-ը: