
Պատանդներ՝ Փարիզում. կան զոհեր

Ֆրանսիացի հատուկ ջոկատայինները գրոհել են Փարիզի արվարձանում գտնվող տունը, որտեղ անհայտ անձը պատանդների էր վերցրել:
Հարձակվողն սպանվել է՝ մինչ այդ հասցնելով սպանել տան երկու բնակիչներին՝ ոստիկանի և նրա կնոջը, հայտնում է BBC-ն:
Նախնական տվյալներով՝ անհայտ անձը հարձակվել էր ոստիկանության սպայի վրա նրա տան հարևանությամբ, հասցրել դանակի 9 հարված, ինչի հետևանքով ոստիկանը մահացել էր: Այնուհետ չարագործը թաքնվել էր սպանվածի տանը՝ պատանդ վերցնելով ոստիկանի կնոջն ու մանկահասակ երեխային:Հաղորդվում է, որ ոստիկանների՝ չարագործի հետ բանակցելու փորձերն ապարդյուն են անցել:
Ինչպես հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները, հատուկ ջոկատայինները տունը գրոհով վերցրել են այն բանից հետո, երբ նա Twitter-ում հայտնել է, որ սպանել է պատանդներից մեկին:
«Մենք չգիտենք, թե նա ով է, նրա արարքի իրական դրդապատճառները հայտնի չեն»,- հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակը՝ հայտնելով, որ հաջողվել է փրկել սպանված ոստիկանի 3-ամյա որդուն:
Ավելի ուշ ԴԱԻՇ-ը Amaq լրատվական գործակալության միջոցով հայտնել է, թե ստանձնում է կատարվածի պատասխանատվությունը: