«Նժդեհը երբեք հակառուս չի եղել». Էդուարդ Շարմազանով
Գարեգին Նժդեհը հայ ժողովրդի մեծագույն հերոսներից է. յուրաքանչյուր ժողովուրդ պետք է մեծարի իր հերոսներին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ արձագանքելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը, թե իրենց զարմացնում է Երևանի կենտրոնում Գարեգին Նժդեհի արձանի տեղադրումը:
«Նժդեհը երբեք հակառուս չի եղել: Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են Նժդեհին ներկայացնել հակառուսական, գործիչ, չարաչար սխալվում են: Նժդեհը շատ լավ հարաբերություններ է ունեցել ռուսական մտավորականության ներկայացուցիչների հետ: Նա մեկ տարի ուսանել է Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, առաջին աշխարհամարտի տարիներին ցարական ռուսական բանակի մեջ մտնող հայկական կամավորական երկրորդ գնդի փոխհրամանատարն էր: Նա 1916թ. ցարական հրամանատարության կողմից արժանացել է Գեորգիևյան խաչի»,- ասաց Շարմազանովը:
Նա հավելեց, որ 1946-1948թթ. Գարեգին Նժդեհի գրառումների, նամակների մեջ կա «Ինչու ստեղծվեց ցեղակրոն շարժումը» հոդված, որում նա ասում է. «Հայ ժողովրդի և ցեղակրոնի միակ դաշնակիցը մեծ ռուս ժողովուրդն է»: «Այս պարագայում փորձել Նժդեհին ներկայացնել որպես հակառուսական գործիչ, ծիծաղելի է: Նժդեհը Հայաստանի հերոս է և իր ողջ կյանքը նվիրել է Հայաստանի հզորությանը, ազատագրմանն ու անկախությանը»,- նշեց Շարմազանովը: