Օռլանդոյի մարդասպանի նախկին կինը հայտարարել է նրա՝ հոգեկան անհավասարակշիռ վիճակում գտնվելու մասին
Օմար Մատինի՝ կիրակի գիշերը ԱՄՆ Օռլանդո քաղաքի գիշերային ակումբներից մեկում արյունալի ոճրագործություն իրականացրած հանցագործի կինը, լրագրողներին պատմել է, որ իր նախկին ամուսինը եղել է հոգեկան անհավասարակշռ վիճակում, ծեծել է իրեն ու արգելել զանգահարել հարազատներին, հայտնում է BBC-ն:
Սիտորա Յուսուֆին ամուսնացել է Մատինի հետ 2009թ.: France-Presse-ի տվյալներով՝ 2011թ. նրանք ամուսնալուծվել են, ինչից հետո կինը դադարել է շփվել նախկին ամուսնու հետ:
Կինը պատմել է, որ ծագումով աֆղանցի Մատինը ծնունդով Նյու Յորք նահանգից է, օգտագործել է ստերոիդներ, ունեցել է հոմոֆոբ հայացքներ, սակայն այդ ժամանակ ինքը նրա մոտ արմատական իսլամի ոչ մի հակում չի նկատել:
Տղամարդն աշխատել է աշխարհի խոշորագույն պահնորդական կազմակերպությունում՝ G4S-ում, որտեղ զենք կրելը եղել է նրա ուղղակի պարտականությունը: Ներկայում ճշտվում է՝ արդյոք նա կրակել է ծառայողակա՞ն, թե՞ անձնական զենքից: G4S-ի ներկայացուցիչները պաշտոնապես հաստատել են այդ տեղեկությունը:
Ամերիկացի լրագրողները, հղում կատարելով ոչ պաշտոնական աղբյուրներին, պնդում են, որ Մատինը կարող էր կապ ունենալ արմատական իմամի հետ, որը վերջերս է ազատ արձակվել բանտից: Պաշտոնապես այդ տեղեկությունը չի հաստատվել:
Հետաքննությունների դաշնային բյուրոն, սակայն, պաշտոնապես հայտնել է, որ մինչ Pulse ակումբ ներխուժելը Օմար Մատինը զանգահարել է 911 և հայտնել, թե ԴԱԻՇ-ի անդամ է: