«Նոր ընտրական համակարգում մասնակցությունն անիմաստ և անտեղի չի լինի»

Հավատացեք ոչ ոք չի գա և ցավով չի ասի, որ պետք է իդեալական ընտրություններ անցկացնենք, բացառենք ընտրակեղծարարությունը և ապահովենք կատարյալ ընտրություններ: Եթե ոչ մենք մեզ չվստահենք չհավատանք: Այսօր երբ միջազգաին անկայունությունից մեզ բոլորիս սպասվում են տարբեր մարտահրավերներ, մենք միայն մենք ենք պարտավոր կատարել ազատ, արդար, թափանցիկ և արժանահավատ ընտրություններ:

Նոր Ընտրական օրենսգրքի քննարկումների ժամանակ կարելի է ասել օրենսգրքի ամեն մի կետ դարձավ քննարկման առարկա, որովհետև կողմերը շահագրգռված էին հայտնաբերել և փակել այն բոլոր բացերը, որոնք ընտրողին կամ կուսակցություններին թույլ կտար կեղծել ընտրության արդյունքները: Հաճախ դիմեցին Եվրոպական ընտրական փորձին, Ընտրական օրենսգրքի նախագիծը ուղարկվեց Վենետիկի Հանձնաժողով, հաշվի առավ նրանց խորհրդատվությունները: Ամեն ինչ արվեց, որ գոնե այս ընտրությունից հետո կողմերը չհայտարարեն, որ ընտրությունները կեղծվել են և ցանկանան արդյունքները վիճարկեն:

Արդյոք միայն Ընտրական օրենսգրքով հնարավոր է կատարել իդեալական ընտրությունները և երաշխավորել ընտրության արդյունքների վստահելիությունը: Իհարկե այն շատ կարևոր է, բայց մենք պետք է համախմբվենք և խնդիրը համարենք մեր յուրաքանչյուրիս խնդիրը: Կանգնենք միմյանց կողքին և կատարենք արդարացի ընտրություններ, որպեսզի միայն մեր կամքը լինի իշխանության, կառավարության ձևավորման հիմքը:

Իսկ կեղծողը պետք է համոզված լինի, որ նա անպայման կենթարկվի համապատասխան պատասխանատվության և կարժանանա հանրության հակակրանքին: Ոչ ոք այդ թվում ընտրական հանձնաժողովի անդամը չպետք է մտածի, որ հնարավոր է իր օգտին կամ որևէ կուսակցության օգտին ինքը կարող է կեղծիքներ անել: Հավատացեք մենք կարող ենք արդարացի ընտրություններ կատարել: Կարևորը խոսքի և գործի համատեղելիությունն է: Պետք է վերջ տրվի անվստաության մթնոլորտին, մեկ մեկու մեղադրելուն, բացը լրացվի միմյանց փոխադարձ հասկանալու և սխալները շտկելու կամք ցուցաբերելով: Կարևորը, որ ոչ ոք չմտածի, որ ընտրությունները հերթական անգամ կկեղծվեն, այլ գիտակցի, որ ընտրակեղծիքները վնաս են նաև իրեն:

Մենք պետք է ափսոսանք, որ ժամանակին ընտրակեղծիքների դեմ պատշաճ պայքար չկարողացանք տանել և այդ «Չարիքը» մտավ մեր կյանքը: Հիմա շատ կարևոր չէ այդ ընտրակեղծիքները ինչպես մտան մեր կյանքը, եկել է ժամը այն հնարավորիս արագ վերացնելու համար: Այսօր նոր Ընտրական օրենսգրքով, մեր ավանդույթներով, մեր մաքուր բարքերով, մենք պետք է կազմակերպենք ազատ, անկախ և թափանցիկ ընտրություններ: Եվ այդ օրը հեռու չէ, ցանկացած պայմաներում էլ ընտրությունը միշտ կա, միայն պետք է վերջ տրվի տարբեր հայտարարություններին, ամպագոռգոռ խոսելուն, կա քաղաքական կամք հարկավոր է իրագործել: Հավատացեք ամենակատարյալ օրենքն իսկ կարելի է խախտել, եթե չկա վստահություն, չկա ավանդույթի ուժ, չկա նորմալ ընտրություններ կազմակերպելու սովորություն ու կամք: Հավատանք միմյանց և այսուհետ ընտրություններից հետո թող հետընտրական ցույցեր չլինեն, մեկը մյուսին չմեղադրի ընտրակեղծարարության մեջ:

Այլ այնպիսի ընտրություններ անցկացնենք, որ բոլորս ընդունենք ընտրության արդյունքների օրինականությունը: Իշխանությունների, ընդդիմության, քաղաքացիական հասարակության միջև լայն կոնսենսուսի հիման վրա: Նոր օրենսդրությամբ լուծվեց նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին, մեր խորհրդարանում ընդգրկելու հարցը: ՀՀ Սահմանադրության համաձայն Ընտրական օրենսգրքի 84-րդ հոդ. 4-րդ կետում սահմանված է, որ կուսակցության, կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի երկրորդ մասում ընդգրկվում են ընտրությունների նախորդ վերջին մարդահամարի տվյալներով, առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող, առաջին չորս ազգային փոքրամասնության ներկայացուցիչները:

Ես գտնում եմ, որ տվյալ նորմը պետք է պարտադիր լինի և հավատացած եմ, որ ցանկության դեպքում ընտրություններին մասնակցող ցանկացած կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք ռեալ կարող է իր ընտրական ցուցակի 2-րդ մասում ընդգրկել 4 ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին: Եվ վստահեմ, որ ազգային փոքրամասնությունների տրված մանդատը, երբեք թափուր չի մնա:

Մեր Հանրապետության ղեկավարության և հայ ժողովրդի առավել ուշադրությունն ազգային փոքրամասնությունների նկատմամբ կերաշխավորվի և կհաստատվի նաև մեր խորհրդարանում: Այն օգնող, օժանդակող կարող է լինել և ոչ մի դեպքում չի խանգարի: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ այն խորհրդարաններն, որոնցում իսկապես արտացոլված են հասարակության բազմազանությունը, մշակվում է ողջ հասարակության կարիքներին ավելի համապատասխան քաղաքականություն և միմիայն նպաստում է ժողովրդավարությանը: Եկել է հետևություններ անելու ժամանակը և ընտրություններով լավագույն իրավիճակին հասնելու ժամանակը:

Հավատացած եմ 2017թ.-ի խորհրդարանում իրենց տեղը կգտնեն հիմնականում չվարքաբեկված, հմուտ, կիրթ, քաղաքավարի և պարկեշտ անձիք: Կկատարվի հասարակության պահանջը և որակի լուրջ փոփոխությունների և արդարացի ընտրություններ անցկացնելու առումով:

Իսկ արմատական փոփոխություններն ինքնանպատակ չեն լինի: Պետությունը հավասար պայմաններ է ապահովում ընտրողների ընտրական իրավունքի իրականացման համար: Ուրեմն հավասար ընտրական իրավունքներով կատարենք մեր վստահությունը ներշնչող ազատ, արդար, թափանցիկ և արժանահավատ ընտրություններ: Եվ թող ոչ մեկի մտքով անգամ չանցնի կասկածել, որ հաջորդ ընտրությունները կարող են կեղծվել: Վստահաբար կարող եմ ասել, որ նոր Ընտրական համակարգում մասնակցությունն անիմաստ և անտեղի չի լինի: Աստված ապավեն:

Ամո Շարոյան
«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ

Տեսանյութեր

Լրահոս