Հռոմի պապը քննադատել է աշխարհում զենքի շրջանառության հետ կապված իրավիճակը
Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այսօր խիստ քննադատության է ենթարկել աշխարհում զենքի շրջանառության հետ կապված իրավիճակը, հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով արևմտյան լրատվամիջոցները:
«Նշանակություն չունի, թե որտեղից է մատակարարվում զենքը, այն անպատկառորեն ու փաստացի բացարձակ ազատորեն տարածվում է աշխարհի շատ վայրերում»,- ասել է Հռոմի պապը՝ Հռոմում Պարենի համաշխարհային կենտրոնակայան այցի ընթացքում:
ԶԼՄ-ները հիշեցնում են, որ Հռոմի պապի հայտարարությունը հնչել է ԱՄՆ Օռլանդո քաղաքի գիշերային ակումբներից մեկում տեղի ունեցած հրաձգությունից հետո, որին զոհ էր դարձել 50 մարդ, սակայն իր խոսքում Ֆրանցիսկոսը չի հիշատակել այդ դեպքը:
Հիշեցնենք, որ ողբերգությունը տեղի է ունեցել կիրակի օրը Florida Pulse գիշերային ակումբում, որի այցելուները ոչ ավանդական սեքսուալ կողմնորոշում ունեցող անձինք են: Ոստիկանության տվյալով՝ հաստատությունում այդ ժամանակ եղել է մոտ 350 մարդ: Հրաձգության հետևանքով սպանվել է 50, վիրավորվել՝ 53 մարդ: