Բաժիններ՝

3 օրում կապամոնտաժվի Արշակունյաց 46 և 46/1 շենքերի բակի ապօրինի շինությունը

Ինչպես ամեն երկուշաբթի, այսօր ևս մասնակցեցի քաղաքապետի հետ (գործակարգավարական) աշխատանքային խորհրդակցությանը, որի ժամանակ տրվեցին Երևանի համար շատ կարևոր հանձնարարականներ:

Ամենաուշագրավը Արշակունյաց 46 և 46/1 շենքերի բակում ապօրինի կառույցի վերաբերյալն էր. պարոն Մարգարյանը հանձնարարեց 3 օրում տարածքը բերել նախկին տեսքի, այսինքն՝ ապամոնտաժել ապօրինի կառույցը, որի տեղադրման դեմ շուրջ 3 ամիս է, ինչ բողոքում էին բնակիչները: Այս խնդրի առնչությամբ տեղյակ եմ որոշ մանրամասների, դրա համար անչափ գնահատում եմ քաղաքապետի այս համարձակ քայլը:

Ազատագրման է սպասում «Պապլավոկ»-ի դիմացի այգու մեջ խոշոր ծառի տակի հողատարածքը, որը քաղաքապետարանի թույլտվությամբ ու վարձակալի որոշմամբ այսօր հայտնվել է տախտակամածի տակ: Առկա է բնակիչների պահանջը՝ քանդել տախտակամածն ու վերականգնել կանաչ տարածքը: Սպասում ենք նաև այս հանձնարարականին:

3 օր առաջ համացանցում բնապահպանի կողմից տարածվեց մի լուսանկար, որտեղ հստակ երևում է, թե ինչպես մի տարիքով կին ու տղամարդ պարկով աղբը թափում են Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքի Ոսկանյան փողոցի եզրով անցնող ջրանցքի մեջ: Նկարը հայտնվել էր քաղաքապետի ուշադրության կենտրոնում, իր կողմից տրվել էր հանձնարարական այն մասին, որ գտնեն այդ մարդկանց ու պարզեն, թե ով է նրանց թույլ տվել աղբը թափել ջրանցքի մեջ, որի մասին էին ասել աղբ թափողները: Անդրադառնալով իր հանձնարարականին՝ այսօր քաղաքապետը շատ խիստ տոնով ասաց, որ իր հանձնարարականը ճշտորեն չեն կատարել ու ավելացրեց. «Իմ դժգոհությունից հետո զեկուցում եք, թե ամենօրյա հսկողություն եք իրականացնում սանիտարական մաքրման աշխատանքների նկատմա՞մբ», և հանձնարարեց նշված դեպքերում անմիջապես տուգանել,այլ ոչ թե ծանուցել:

Յուրաքանչյուր ապօրինության դեմ քաղաքապետի նման որոշումներն են նպաստելու իր անձի նկատմամբ վստահության բարձրացմանը, որն իր համար է կարևոր լինելու առաջիկա ընտրությունների ժամանակ:

Անահիտ Բախշյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս