Բաժիններ՝

Վարույթ է ընդունվել դատական ակտերի հարկադիր կատարողի, ինչպես նաև այլ անձանց կողմից սպանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը

2016թ. հունիսի 4-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության  Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի հարկադիր կատարող Խաչիկ Կ.-ն, Արտաշես Չ.-ն, Արարատ Ն.-ն և ինքնությունները չպարզված անձինք Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղի 5/1 հասցեի մոտակայքում Եղիշե Խ.-ին կյանքից զրկելու միասնական դիտավորությամբ, խուլիգանական դրդումներով, գիտակցելով մեկը մյուսի գործողությունները և մեկը մյուսի գործողությունները լրացնելով, խմբով, ձեռքերով և ոտքերով անկանոն հարվածներ են հասցրել վերջինիս կենսական նշանակություն ունեցող օրգանի՝ գլխի, ինչպես նաև կրծքավանդակի և որովայնի շրջաններում, պատճառել կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ և ապօրինաբար Եղիշե Խ.-ին դիտավորությամբ զրկել են կյանքից:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում Խաչիկ Կ.-ին  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով, վերջինիս նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա որոշումներ են կայացվել Արտաշես Չ.-ին և Արարատ Ն.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, վերջիններիս նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը և հայտարարվել հետախուզում:

Հիշյալ քրեական գործը 10.06.2016թ. ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:

Հետախուզման մեջ գտնվող Արտաշես Չ.-ն և Արարատ Ն.-ն 2016թ. հունիսի 12-ի՝ ժամը 4:00-ին, ինքնակամ նեկայացել են ՀՀ ոստիկանություն:

Նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս