«Մոսկվայի համար հարցը Նժդեհի հուշարձանը չէ, այլ նրա անվան շուրջ նման նշաձողը, որը մայդանական սցենարի ներուժ ունի». Ստանիսլավ Տարասով

«Մոսկվան հասկանում է, որ հայերն ունեն պատմության իրենց սեփական ընկալումը, և այն անպայմանորեն սովետական կարող է չլինել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան, «Ռեգնում», «Ռեքս» գործակալությունների սյունակագիր Ստանիսլավ Տարասովն, անդրադառնալով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի արձագանքին Գարեգին Նժդեհի արձանի տեղադրման վերաբերյալ:

Նշենք, որ նա մասնավորապես ասել էր. «Մոսկվան զարմացած է Երևանում Վերմախտի «Հայկական լեգիոնի» հիմնադիրներից մեկի՝ գեներալ Գարեգին Նժդեհի արձանի տեղադրմամբ»:

Հարցին, թե ինչո՞ւ հենց հիմա առաջացավ նման արձագանք Գարեգին Նժդեհ հերոսի նկատմամբ Մոսկվայում այն դեպքում, երբ կան հրապարակներ, մետրոյի կայարան, փողոցներ նրա անունով, կիսանդրի և ընդհանրապես ինչո՞ւ է Մոսկվան նման բարձր մակարդակով անդրադառնում Հայաստանում արձանի տեղադրմանը, Ստանիսլավ Տարասովն ասաց, որ Ռուսաստանում և Սովետական Հանրապետությունում կա ընկալում, որ Նժդեհը Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին Հայրենական մեծ պատերազմի տարիներին Գերմանիայի կողմից է ծառայել: Նա նշեց, որ այդ փաստը կա, հաշվի առնելով, որ Մոսկվան իր քաղաքականության հենքն է դարձրել Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների վերականգնումը և դրա վերլուծությունը:

«Մոսկվան այսօր նույնացնում է Ուկրաինայում բանդերականների գործունեությունը ֆաշիստների գործունեության հետ: Իհարկե, հարցը հուշարձանը չէ, բայց հարցն այն է, որ այս անվան շուրջ նման նշաձողի, ինչպես բանդերականները՝ Ուկրաինայում, այնպես էլ՝ Հայաստանում, ներուժը մայդանական սցենարն է: Մենք հասկանում ենք, որ հայերն ունեն պատմության իրենց սեփական ընկալումը, նա անպայմանորեն չպետք է սովետական լինի, բայց մենք հիշում ենք, որ ՀՀ-ն, լինելով սովետական հանրապետություն, ռուսների և ԽՍՀՄ բոլոր մյուս ազգերի հետ պայքարել է Հայրենական Մեծ պատերազմի օրերին և մեծ կորուստներ կրել, եթե ռուսներն ինչ որ կերպ պահպանվել են, ապա այդ կորուստները հայերի համար, հատկապես Ցեղասպանությունից հետո, լուրջ հարված են հասցրել գենոֆոնդին»,- ասաց Ստանիսլավ Տարասովը:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս