Ադրբեջանում հորդառատ անձրևները ջրածածկ են արել գյուղերը
Ինչպես հայտնում է APA-ն, հորդառատ անձրևը լրջորեն վնասել է Գեյչայի շրջանի տներն ու ցանքատարածությունները:
Հեղեղաջրերը վնասել են Գեյչայե և Շամախի գյուղերը, լրջորեն տուժել են նաև Եկեխանա, Ինչյա, Գարայազը, Շահսոլթանլը, Գարամարյա գյուղերը:
Հեղեղաջրերը վնասել են տնամերձ հողամասերը, տների նկուղները, լուրջ վնաս հասցրել բանջարանոցներին ու արոտավայրերին, քշել-տարել գյուղացիների տնային կենդանիները, վնասել մրգատու այգիները:
Քանդվել են նաև կամուրջներ: Գործակալությունը հայտնում է, որ լրջորեն վնասվել են նաև հացահատիկային մշակաբույսերը: Շամախիում հեղեղաջրերը վնաս են հասցրել գյուղատնտեսությանը, սատկել են անասուններ ու տնային թռչուններ:
Պատճառը շաբաթվա ընթացքում տեղացող հորդառատ անձրևներն են, որոնք դարձել են գետերի մակարդակի բարձրացման պատճառ:
Ի դեպ, երեկ նույնպես Իսմայիլի շրջանի մի քանի գյուղերում հեղեղաջրերը լցվել են բնակելի տներն ու տնամերձ հողամասերը: Ուժեղ քամին ու հորդառատ անձրևները, որոնք սկսվել են նախօրեին ու շարունակվել 2 ժամ, հեղեղել են ավելի քան 10 գյուղ՝ լրջորեն վնասելով վերջիններիս: