Գերմանիայի թուրք պատգամավորները հորդորում են արգելել Էրդողանի մուտքը երկիր

Գերմանիայի ոստիկանությունը խստացրել է Բունդեսթագի` թուրքական ծագում ունեցող 11 պատգամավորների անվտանգությունը: Պատճառը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո նրանց նկատմամբ սպառնալիքների ու վիրավորանքների թվի աճն է: Գերմանական Frankfurter Allgemeine Sonntagszeitung պարբերականը գրում է, որ Բեռլինի ոստիկանությունը, Դաշնային խորհրդարանի ոստիկանությունն ու դաշնային անվտանգության ծառայությունը խնդրի վերաբերյալ որոշում են կայացրել պատգամավորների հետ ունեցած հանդիպման ժամանակ:

Ավելացվել է Ջեմ Օզդեմիրի տան շուրջ հսկողություն պահպանող ոստիկանների թիվը:

Ինչպես հաղորդում է Deutsche Welle լրատվականը, Գերմանիայի կառավարության փախստականների և միգրացիայի հարցերով նախարար Այդան Օզօղուզը Գերմանիայում թուրքական ընկերություններին հորդորել է հստակ դիրքորոշում ցուցաբերել` ընդդեմ թուրք ծագում ունեցող պատգամավորների դեմ սադրանքների: «Մենք ակնկալում ենք, որ Գերմանիայի թուրքական կազմակերպությունները բացահայտ կերպով քննադատեն պատգամավորների դեմ ուղղված սպառնալիքները: Արդեն ամեն ոք պետք է հասկանա, որ մենք տեր ենք կանգնում մեր ծագմանը, սակայն մենք Թուրքիայի` դեպի այստեղ մեկնած ձեռքը չենք»,- ասել է Օզօղուզը:

Ձախերի կուսակցության պատգամավոր Սևիմ Դաղդելենը Bild am Sonntag պարբերականին տված հարցազրույցում անհրաժեշտ է համարել, որ արգելվի Էրդողանի մուտքը Գերմանիա: «Թուրքիայից` Գերմանիայի Դաշնային խորհրդարանի պատգամավորների դեմ բռնության դիմելու կոչ հնչեցնող անձի մուտքը Գերմանիա պետք է արգելվի: Այդ թվում և նախագահ Էրդողանի»,- ասել է նա:

Տեսանյութեր

Լրահոս