«Տարբեր դիրեկտիվներով չառաջնորդվենք, սա սովետական տերմինաբանություն է, մարդ զզվում է արդեն». Ալեքսանդր Արզումանյան

Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը ներկայացրեց 2015 թ. մայիսի 29-ին ստորագրված «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների` մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության` մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագիրը:

Ըստ նրա` դրանով սահմանվում է ազատ առևտրի ռեժիմ, 0-ական մաքսատուրք ապրանքների 50%-ի նկատմամբ, իսկ անցումային ժամանակաշրջանից հետո ընդհանուր ապանքացանկի 88%-ն ազատականացված է լինելու:

ՀՀԿ-ական պատգամավոր Շիրակ Թորոսյանը հետաքրքրվեց, թե կոնկրետ Հայաստանին ի՞նչ է տալիս այդ համաձայնագիրը:

«Բջջային հեռախոս կբերեք»,- նկատեց պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը և հարցրեց, թե Հայաստանի ու Վիետնամի միջև առևտրաշրջանառությունը որքա՞ն է:

Կարդացեք նաև

Գ.Մելքումյանը պարզաբանեց, որ խոսքը ԵՏՄ-Վիետնամ ազատ առևտրի ռեժիմի մասին է, իսկ Հայաստանի հետ առևտրաշրջանառությունը 15.1 մլն դոլարի կարգի է, հիմնականում` ներմուծում, արտահանում գրեթե չկա, ներմուծվում է հեռախոսաբջջային սարքավորումներ, նաև սուրճ, շատ քիչ համակարգիչներ, հագուստ, կոշկեղեն, արտահանվել է էթիլային սպիրտ և սարքեր ու ապարատուրա, բայց շատ փոքր քանակ է, որ հնարավոր է ինչ-որ միջոցառման համար ապարատուրա է եղել:

Ա.Արզումանյանը զարմանք հայտնեց կառավարության շտապողականության վերաբերյալ, որովհետև շատ զգայուն ապրանքների ցանկը դեռ չի բանակցվել, որոնք կարող են ողողել մեր շուկան: Ըստ նրա` արտահերթ ռեժիմն անհասկանալի է.

«Առանց այդ էլ հարյուրավոր օրենսդրական նախաձեռնություններ են բերում, արտահերթի օրակարգը լցնում են: Այս հրամայական բաները զարամցնում են»:

Ա.Արզումանյանը հիշեցրեց, որ երբ իրենք ասում էին Հայաստանի սուվերենությունը խախտվում է, ասում էին` չէ, բայց հիմա Եվրասիական միջկառավարական խորհուրդը հանձնարարականներ է տալիս, որ իրենց հաջորդ նիստին ՀՀ-ն վավերացրած լինի, այսինքն` անկախ պետության ԱԺ-ն պարտավոր է շարժվել ԵՏՄ դիրեկտիվներով. «Մեզ կարող էին խնդրել, բայց ոչ թե ասել, որ մինչև հաջորդ նիստը գնացեք վավերացրեք: Մտել եք, գոնե թասիբով վերաբերվի մեր կառավարությունը»: Արզումանյանը նշեց, որ ինքը վստահ չէ, որ հայ արտադրողի շահը կպաշտպանվի: «Տարբեր դիրեկտիվներով չառաջնորդվենք, սա սովետական տերմինաբանություն է, մարդ զզվում է արդեն»,- ասաց Ա.Արզումանյանը` առաջարկելով գոնե վերապահումով վավերացնել:

«Տիգրան Սարգսյանը չի կարող Դմիտրի Մեդվեդևի կամ Հովիկ Աբրահամյանի հետ հանձնարարականներով խոսել: Հանձնարարականների լեզուն չի կարող լինել, նման պրակտիկա աշխարհում չկա»,- իր հերթին նկատեց հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը:

Տեսանյութեր

Լրահոս