Բաժիններ՝

Օռլանդոյի ահաբեկչությունը ԱՄՆ-ի պատմության մեջ մարդկանց զանգվածային գնդակահարության ամենաարյունալի դեպքն է

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքի գեյ ակումբներից մեկում տեղի ունեցած ողբերգությունը, որի հետևանքով սպանվել է 50 մարդ, իշխանությունների տվյալով՝ ԱՄՆ նորագույն պատմության մեջ մարդկանց զանգվածային գնդակահարության ամենաարյունալի դեպքն է:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ տեղի ունեցածն «ահաբեկչություն է և ատելության ակտ»: Իրավապահները ներկայում փորձում են պարզել՝ արդյոք հարձակում գործած անձը կապված է եղել միջազգային ծայրահեղական խմբավորումների հետ:

Հիշեցնենք, որ ողբերգությունը տեղի է ունեցել կիրակի օրը Florida Pulse գիշերային ակումբում, որի այցելուները ոչ ավանդական սեքսուալ կողմնորոշում ունեցող մարդիկ են: Ոստիկանության տվյալով՝ հաստատությունում այդ ժամանակ եղել է մոտ 350 մարդ, սկսվել է խուճապ:

160612190136_orlando_624x351_getty_nocredit

Հարձակումն իրականացրած անձի ինքնությունը պարզվել է: Տղամարդը 29-ամյա էթնիկ աֆղանցի Օմար Մատինն է, ում ծնողները ԱՄՆ են գաղթել Աֆղանստանից: Տղամարդը, ըստ СNN հեռուստաալիքի տեղեկությունների, ունեցել է թիկնապահ աշխատելու փորձ, զինված է եղել ինքնաձիգով ու ատրճանակով, որոնք ձեռք է բերել օրինական եղանակով:

Մատինը գնդակահարել է ակումբի՝ պատանդ վերցրած այցելուներին: Դեպքի վայր ժամանած հատուկ նշանակության ջոկատի անդամները կոտրել են ակումբի դռները, գնդակահարել Մատինին ու ազատել շուրջ 30 այցելուի:

Օռլանդոյի ոստիկանապետ Ջոն Մինան հայտարարել է, որ հարձակումը մանրամասն պլանավորված է եղել: Դեռևս հայտնի չէ տղամարդու արարքի դրդապատճառները:
Reuters-ը հայտնում է, որ ԴԱԻՇ-ը ստանձնել է Florida Pulse-ի հարձակման պատասխանատվությունը, սակայն ԱՄՆ իշխանությունները դեռ պաշտոնապես չեն հաստատում այդ փաստը:

160612200008_orlando_624x351_ap_nocredit

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտնել է, որ տղամարդը իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում էր հայտնվել 2013թ, երբ իր գործընկերների հետ զրույցում հայտնել էր ահաբեկիչների հետ կապ ունենալու մասին:

«Նա երկու անգամ հարցաքննվել էր, սակայն չէին կարողացել հստակ պարզել նրա արտահայտությունների իմաստը: Այդ պատճառով էլ հետաքննությունը փակվել էր»,- ասել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալ Ռոնալդ Հոփերը:
Հիշեցնենք, որ հրաձգության հետևանքով սպանվել է 50 մարդ, վիրավորվել՝ 53-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս