«Վաղուց ամեն ինչ զիջված է». Բողոքի ակցիա ԱԺ-ի դիմաց՝ ընդդեմ ՀՕՊ-ի

«Մենք ենք տերը մեր երկրի» քաղաքացիական նախաձեռնությունն այս պահին Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա է իրականացնում՝ փորձելով կանխել «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրի վավերացումը, որն այսօր քննարկվելու է ԱԺ արտահերթ նիստի ընթացքում:

Նախաձեռնության անդամները վստահ են, որ սա ռազմական «ծանր հանցագործություն է», «քանի որ պատերազմական իրավիճակում հենց հակաօդային պաշտպանությունն է որոշում պատերազմի ընթացքը, իսկ Ադրբեջանին զենք վաճառող Ռուսաստանը հնարավորություն կստանա իր շահերից ելնելով, պաշտպանել կամ չպաշտպանել Հայաստանի և Արցախի օդային տարածքը»:

«Մեր նպատակն է ամեն գնով թույլ չտալ այս համաձայնագրի վավերացումը՝ Ազգային ժողովի և Բաղրամյան 26-ի դիմաց զանգվածային բողոքի ակցիաներ կազմակերպելով այնքան ժամանակ, քանի դեռ մենք բոլորս չգիտակցենք ստեղծված վիճակի օրհասական բնույթը և լրջությունը»,-ասում են նախաձեռնության անդամները:

Բողոքի ակցիայի կազմակերպիչներից Մուշեղ Դանիելյանը նշեց, որ ակցիայի նպատակը բողոքն է, որը կապված է «մեր ազգի նկատմամբ հերթական դավաճանության հետ». «ԵՏՄ մտնելը, ռազմավարական օբյեկտներն օտարներին հանձնելը, Արցախում դիրքեր թողնելը, հիմա էլ Հակաօդային պաշտպանության հանձնումը բոլորն էլ դավաճանություններ են, որոնք, ի վերջո, բերելու են մեծ ողբերգության մեր ժողովրդի համար: Այդ ողբերգության պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է այսօր այս համաձայնագրին կողմ քվեարկող պատգամավորների, կառավարության ու նախագահի վրա: Մենք լսել ենք իրենց բացատրությունները, շատ անհեթեթ բացատրություններ են, ոչ մի համոզիչ բան չկա այնտեղ, պարզ է, որ հակաօդային պաշտպանությունը հանձնում են ռուսներին: Այս անգամ Ադրբեջանը կօգտագործի ավիացիան, մեր իշխանությունը դավաճանության պատճառով չի պաշտպանի Արցախին, դա կբերի ողբերգության: Եթե հանկարծ դա լինի, ժողովուրդն իրենց պատժելու է: Ցավոք սրտի, մեր հայրենակիցները չեն ուզում պայքարել: 7 դրամի համար հազարներով հավաքվում են, բայց այն ինչ վերաբերվում է նրանց լինել չլինելուն, նրանք անտարբեր են»:

Akcia-HOP14 Akcia-HOP3 Akcia-HOP2 Akcia-HOP1 Akcia-HOP

«Հիմնադիր խորհրդարանի» նախագահի մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը նախ նշեց, որ ինքն այս ակցիայի կազմակերպիչներից չէ, բայց ինքն էլ է դեմ այս համաձայնագրին, քանի ու կարծում է՝ այդ համաձայնագիրն ավելի սերտ համագործակցություն է ենթադրում, քան կլիներ անգամ միասնական համակարգի պարագայում:

«Միավորվածի պարագայում իրենք միջոցները միավորում են, իսկ միասնական համակարգի դեպքում գործում են ըստ միասնական պլանի: Այստեղ թեպետ համաձայնագիրը միավորված համակարգի մասին է, բայց մենք դառնում ենք ուրիշ պետության զինված ուժերի ենթա-ենթաբաղադրիչ: Ամեն կերպ պետք է կանխենք սա: Մեր ձեռքերը կապվում են՝ մտնելով այս համաձայնագրի մեջ»,-նշեց Վ. Ավետիսյանը:

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ սա նոր բան չէ. «Սա 2013-ին մեր իշխանությունների սկսած հակաքաղաքականության շարունակությունն է»:

Խոսելով այն մասին, թե արդյոք սա ինքիշխանության կորո՞ւստ է ենթադրում՝ ԱԻՄ առաջնորդն ասաց. «Ես ճշմարտության դեմ կխոսեի, եթե ասեի՝ սրանով է զիջվում, վաղուց ամեն ինչ զիջված է»:

Ի դեպ, քիչ առաջ ակցիայի մասնակիցներին մոտեցավ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և տեղեկացրեց, որ ԱԺ այս արտահերթ նստաշրջանի ընթացքում չի քննարկվելու ՀՕՊ-ի համաձայնագիրը, որից հետո ակցիան ավարտվեց:

Տեսանյութեր

Լրահոս