ԱՊՊԱ գործակալությունների շահույթն ավելացել է
2016թ. մայիսի 31-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 438420, որոնց վարորդներն ԱՊՊԱ պայմանագրերի համար վճարել են 8 մլրդ 166 մլն 367 հազար դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ՝ նկատվում է ավտոմեքենաների թվի աճ` մոտ 4500-ով, սակայն վարորդների կողմից վճարումները նվազել են 270 մլն դրամով:
Միաժամանակ, ուշագրավ է, որ ավելացել է ԱՊՊԱ գործակալությունների շահույթը. եթե անցած տարի մայիսին դրանք աշխատել են 50% վնասաբերությամբ, ապա այս տարի այդ ցուցանիշը կազմում է մոտ 48%։ Ավտոապահովագրողների բյուրոյի հրապարակած տվյալների համաձայն՝ մայիս ամսվա համար բավարարված դիմումների գծով վճարված (վճարվելիք) հատուցումների ընդհանուր գումարը կազմել է մոտ 600 մլն դրամ, ինչը նախորդ ամսվա համեմատ նվազել է մոտ 28 մլն դրամով:
Ամսվա ընթացքում կարգավորված դիմումների քանակը կազմել է 3,073, ինչը նախորդ ամսվա համեմատ նվազել է 47-ով։ Հատուցման միջին չափը 2016թ. մայիս ամսվա դրությամբ կազմել է 199486 ՀՀ դրամ: