Էրդողան-Ալի 0-1. գերմանական ծաղրանկար
Գերմանացի արվեստագետները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Մուհամեդ Ալիի հոգեհանգստի արարողության ժամանակ ապրած ամոթալի պահերի վրա ուշադրություն գրավելու համար Բեռլինում երեկոյան ժամերին շենքերի պատերին բռնցքամարտիկի նրանց պատկերներով «Էրդողան-Ալի 0-1» գրությամբ պրոյեկցիոն ծաղրանկարի ցուցադրություն են կազմակերպել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական odatv.com լրատվական կայքը` նշելով, որ դա Էրդողանի անհավասարակշիռ դրսեւորումնների դեմ գերմանացի արվետագետների ինքնատիպ բողոքն է:
Գերմանացի արվեստաբան Պիկսել Հելփերը՝ նշելով, որ սոցիալական մամուլում Էրդողանը մարդու իրավունքները ոտնահարող քաղաքականություն է տանում, «Էրդողան-Ալի 0-1» ծաղրանկարը մեկնաբանել է հետեւյալ կերպ. «Ժողովրդավարական ընտրությունների ճանապարհը բացելու համար Էրդողան բեյին կոչ ենք անում անպայման հրաժարական տալ»:
Գերմանացի արվեստագետները հաճախ են նմանօրինակ «գովազդներ» կազմակերպում Բեռլինում Թուրքիայի դեսպանատան շենքի պատին` նվիրված Էրդողանի քաղաքականությանը, սակայն, այս անգամ նրանք այդ ծաղրանկարը տեղադրել են քաղաքի տարբեր հատվածներում եւս:
Միջազգային մամուլը հայտնել է, որ լեգենդար բռնցքամարտիկ Մուհամեդ Ալիի հուղարկավորությանը մասնակցելու համար ԱՄՆ ժամանած Էրդողանը խիստ անհարգալջց ընդունելության է արժանացել:
Ըստ ԶԼՄ-ների Ալիի հոգեհանգստի արարողությունից Էրդողանի շտապ Թուրքիա վերադառնալու պատճառ են հանդիսացել մի քանի միջադեպե. հոգեհանգստի արարողության ժամանակ Էրդողանը ցանկացել է Քաբա (իսլամական սրբավայր) կատարած ուխտագնացությունից բերած իր քիսուայի (իսլամական ծածկոց) մի մասը դնել դագաղի վրա, սակայն ստացել է «Մենք դա հետո կդնենք» պատասխանը, ինչը նա դժգոհությամբ է ընդունել: Բացի այդ, մերժվել է «Ղուրան» կարդալու իր եւ Կրոնական գործերի նախարար Մեհմեթ Գյորմեզի ցանկությունը:
WLKY.com կայքն էլ գրել է, որ Ալլի հոգեհանգստից Էրդողանի շտապ հեռանալու համար գլխավոր պատճառը հանդիսացել է այն, որ Մոհամեդ Ալիի հոգեհանգստի հանդիսավոր արարողության մասնակից ԱՄՆ-ի ամենաճանաչված հրեա ռաբբի առաջնորդ, քաղաքական ակտվիստ Մայքլ Լերները, Ալիի հիշատակին ունեցած ելույթում, դիմելով աշխարհի առաջատար երկրների առաջնորդներին, հայտարարել է. «Թուրքիայի առաջնորդներին ասեք վերջ տան քրդերի սպանություններին»:
Թուրքական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Մուհամեդ Ալիի երկրպագու Էրդողանը նրա հուղարկավորությանը մասնակցելու համար ԱՄՆ այցը ծրագրել էր 2 օր ժամկետով, սակայն նրա գլխավորած պատվիրակությունը ընդամենը 4-5 ժամ հետո շտապ հետ վերադառնալու որոշում է ընդունել:
CNN Turk-ն այդ առնչության հաղորդել է, որ Էրդողանի հետ վերադառնալու պատճառը հանդիսացել է այն, որ ԱՄՆ-ում նրան հարգալից չեն դիմավորել: Մուհամեդ Ալիի ընտանիքը Էրդողանի «ժեստային» պահանջներին պատասխանել է. ««Մենք դա չենք ցանկանում», ինչը վիրավորել է Էրդողանի պատվիրակությանը:
Բացի այդ, ըստ թուրքական ԶԼՄ-ների` հոգեհանգստի արարողության ժամանակ Էրդողանին հրել են հետին շարքեր, իսկ Մոհամեդ Ալիի ընտանիքից ոչ մեկը չի մոտեցել բերած նվերները ստանալու համար եւ Էրդողանը ստիպված 15 րոպե սպասել է դրա համար: