Հայաստանին տրվում է վերջին հնարավորությունը

«Միացյալ Նահանգները կօգնի Հայաստանին բարելավել տնտեսական իրավիճակը և ինտեգրվել Հարավային Կովկասի էներգետիկ համակարգի մեջ»,- ինչպես հաղորդում է «Ամերիկայի Ձայնը», Կոնգրեսում անցնող լսումների ընթացքում՝ ներկայացնելով 2017-ի ընթացքում տարածաշրջանի երկրներին ուղղվող ամերիկյան օգնության առաջնահերթությունները` հայտարարել է ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության ղեկավարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Թոմաս Մելիան:

«Հայաստանին ուղղվող մեր օգնությունը թույլ կտա Հայաստանին նվազեցնել տնտեսական կախվածությունը Ռուսաստանից: Այն Հայաստանին նաև թույլ կտա ինտեգրվել տարածաշրջանային էներգետիկ համակարգերի մեջ: Օգնության մի մասը միտված է լինելու նաև երկրի ներսում տեղական ինքնակառավարման ամրապնդմանը»,- ասել է նա:

ԱՄՆ-ի վարչակազմի ներկայացրած բյուջեի նախագծով՝ հաջորդ տարի Հայաստանին ուղղվող օգնությունն աճելու է 22 տոկոսով` կազմելով 22 միլիոն դոլար: Թեև բազմաթիվ կոնգրեսականներ մտադիր են լսումների ընթացքում հասնել նրան, որ օգնության այդ ծավալն ավելացվի: Սակայն, տվյալ դեպքում, խնդիրը ոչ այնքան՝ տրամադրվող օգնության չափն է (թեև Հայաստանի տնտեսության` օր օրի վատթարացող իրավիճակում յուրաքանչյուր ավել դոլարը մեծ նշանակություն ունի), այլ՝ այդ աջակցության` հայտարարվող նպատակը, «փիլիսոփայությունը», եթե կարելի է այդպես ասել:

Նվազեցնել տնտեսական կախվածությունը Ռուսաստանից և Հայաստանն ինտեգրել տարածաշրջանային էներգետիկ համակարգին: Սա, լայն իմաստով, Հայաստանի ինքնիշխանության վերականգնման, իրական անկախության բանաձևն է, քանի որ Հայաստանն այսօր Ռուսաստանից նման կախյալ վիճակում է հայտնվել՝ ոչ միայն ու գուցե ոչ այնքան՝ անվտանգության խնդիրների պատճառով, ինչպես ներկայացնում են իշխանական շրջանակները, այլև՝ տնտեսական կախվածության ու «էներգետիկ ստրկության» պատճառով: Առանց այդ էլ, Ռուսաստանում աշխատող հայերի ուղարկած դրամական միջոցներից զգալի կախվածություն ունենալով՝ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանը գրեթե ամբողջությամբ տնտեսապես հայտնվեց Ռուսաստանի ճիրաններում` ամբողջությամբ ածանցվելով այդ երկրի տնտեսական իրավիճակից: Իսկ Ռուսաստանի տնտեսությունն այսօր դեպի անդունդ է գահավիժում ավելի արագ, քան Պուտինի քարոզիչները հասցնում են հորինել քաղաքացիների անտանելի կյանքն արդարացնող հերթական «հայրենասիրական» առասպելը:

Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցությունից հետո Ռուսաստանն ամբողջացրեց Հայաստանի էներգետիկ համակարգի իր տնօրինությունը` ոչ միայն ֆիզիկապես տնօրինելով գործնականում բոլոր էներգետիկ համակարգերը, այլև Հայաստանին օրենքի մակարդակով պարտադրելով արգելք` «Գազպրոմից» բացի, որևէ այլ աղբյուրից գազ գնելու վերաբերյալ: Այսպիսով, Հայաստանն էներգետիկ համակարգում վերջականապես հայտնվեց Ռուսաստանից տոտալ կախվածության մեջ, ինչը, զուգակցվելով նաև ԵՏՄ-ի պատճառով այդ երկրից ունեցած կախվածությամբ, Հայաստանը դարձրեց Ռուսաստանի տնտեսական կցորդը: Իսկ երբ որևէ խոշոր համակարգ կործանվում է, կցորդների համար դրա հետևանքներն ավելի ողբերգական են լինում: Այս ամենը հասկանում են, կարծես, բոլորը, բացի Հայաստանի իշխանությունից:

Այս համատեքստում, այն, ինչի մասին հնչել է ԱՄՆ Կոնգրեսում, իրականում Հայաստանն այս ճահճից դուրս բերելու ծրագիր է, գուցե եզակի կամ մի վերջին հնարավորություն, որով Արևմուտքը փորձում է օգնել Հայաստանին: Իհարկե, երդվյալ ռուսամոլներն ասվածին անմիջապես կհակադարձեն` իսկ ինչո՞ւ է ԱՄՆ-ը «փրկում» Հայաստանին, մի՞թե դա անում է մեր «սիրուն աչքերի համար», և այլն, և այդպես շարունակ: Ոչ, իհարկե, ամենևին ո՛չ: ԱՄՆ-ը դա անում է՝ սեփական աշխարհաքաղաքական շահերից ելնելով, դա անում է Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում սեփական հետաքրքրությունների սպասարկման համար, որոնք ավելի ակտուալ են դարձել Իրանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների չեղարկումից հետո: Պարզապես այս հարցում ԱՄՆ-ի և Հայաստանի շահերը համընկնում են:

Ինչպե՞ս կօգտագործի Հայաստանն այս հնարավորությունը և կօգտագործի՞ ընդհանրապես` կախված է առաջին հերթին՝ իշխանությունների կամքից ու Հայաստանի շահերը Ռուսաստանի շահերին չստորադասելու կարողությունից: Գոնե մի անգամ: Եթե, իհարկե, այդ «անգամը» չլինի վերջինը:

Տեսանյութեր

Լրահոս