«Ռուսաստանը նորից վերադառնում է Սիրիա». արաբագետ

Արաբագետ Սարգիս Գրիգորյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց, որ Սիրիան այս պահին թևակոխել է ռազմական գործողությունների հաջորդ փուլ. «Ակտիվ և արդյունավետ գործողություններ են նկատվում հատկապես «Իսլամական պետության» դիրքերի դեմ ուղղված: Այս պահին «Իսլամական պետությանն» արդյունավետ հարված հասցնելու համար ռազմական գործողությունները պետք է սկսել հենց Սիրիայի հյուսիսային հատվածներից»:

Արաբագետի խոսքով՝ այդպես «Իսլամական պետությունը» կկտրվի Թուրքիայի հետ սահմանից, որտեղից էլ գալիս են մարդկային, ֆինանսական, ռազմական հոսքերը. «Սահմանը կտրելով՝ Իսլամական պետությունը զրկվում է այդ աջակցությունից»:

Արաբագետ Արմեն Պետրոսյանն էլ հավելեց, որ փետրվարի վերջին Սիրիայում հաստատված հրադադարի ռեժիմը փաստացի օգտագործվեց սիրիական հակակառավարական ու ծայրահեղ կառույցների կողմից՝ համալրվելու ու նոր հարձակումներ կազմակերպելու. «Հրադադարի ռեժիմը հիմնականում չի գործում Սիրիայի հյուսիսային շրջաններում (Հալեպ), այն որոշակի առումով գործում է երկրի կենտրոնում (Դամասկոս):

Ի՞նչ է իրականում կատարվում Հալեպում. Հրադադարի վերաբերյալ համաձայնության եկած երկրների ուժերը կենտրոնացան հիմնականում «Իսլամական պետության» դեմ, իսկ «Ջաբաթ ալ Նուսրա» կառույցն օգտվեց այն իրողությունից, որ իր դեմ պայքար չի մղվում, և լուրջ համալրում տեղի ունեցավ, հատկապես՝ Թուրքիայի տարածքից: Մինչ զինադադարը հիմնականում ռուսական օդուժն էր զսպում համալրման գործողությունները, իսկ զինադադարից հետո նրանք օգտվեցին իրավիճակից: Հազարավոր զինյալներ ու բավականին լուրջ սպառազինությունն ընդամենը 1-2 ամսվա ընթացքում Թուրքիայի տարածքից անցավ Սիրիայի հյուսիս ու բաժին հասավ ինչպես՝ «Ջաբաթ ալ Նուսրային», այնպես էլ՝ սիրիական որոշ հակակառավարական ուժերի: Հենց այս համատեքստում էլ ակտիվացան ռազմական գործողությունները Հալեպում»:

Ըստ արաբագետի՝ ահաբեկչական խմբավորումները գործում են Թուրքիայի ուղղորդմամբ. «Հարձակումներից տուժում են նաև հայկական թաղամասերը: Երեկ նահատակվել է նաև Հալեպի հայկական թաղամասի ինքնապաշտպանությունը համակարգող դաշնակցական գործիչը»: Ա. Պետրոսյանի խոսքով՝ հյուսիսային շրջանը շատ կարևոր է Սիրիայի իշխանությունների ու նրա դաշնակիցների համար, և հիմնական զարգացումները, ըստ նրա՝ կենտրոնանալու են հենց այդ շրջանում. «Շատ արագ կերպով Թուրքիան ինչ-որ պլաններ է ուզում իրագործել: Դա պայմանավորված է նաև նրանով, որ Իրանն ու Ռուսաստանը կրկին ակտիվանում են Սիրիայում: Երբ մարտի կեսերին Պուտինը հայտարարեց ռուսական ուժերի զգալի մասի դուրսբերման մասին, բոլոր լրատվամիջոցները ցույց տվեցին, որ իրո՛ք Ռուսաստանը հեռանում է: Մինչդեռ վերջին օրերին բոլորը լռում են և ցույց չեն տալիս, որ Ռուսաստանը նորից վերադառնում է Սիրիա: Ռուսաստանը նոր սպառազինություն ու զինատեսակներ է տեղափոխում Սիրիայի տարածք, և նպատակը ոչ միայն՝ ԻՊ-ի կամ Ռաքքայի դեմ գործողություններն են, այլ նաև՝ Սիրիայի հյուսիսում: Թուրքերը սա շատ լավ հասկանում են ու փորձում են կարճ ժամանակում որոշակի խնդիրներ լուծել»:

Սարգիս Գրիգորյանն էլ նկատեց՝ հնարավոր է, որ Թուրքիան գնա միակողմանի ռազմական գործողությունների Սիրիայում:

Տեսանյութեր

Լրահոս