«Ապրիլյան պատերազմը պայմանավորված պատերազմ էր». Ժիրայր Սէֆիլյան

«Իշխանություններն իրենց վերարտադրության խնդիրը լուծելու համար դիմել են տարբեր միջոցների, որոնց մեջ եղել է նաև՝ մեր երկիրը մաս առ մաս վաճառելը: Այս տարիների ընթացքում բոլորս ականատես ենք եղել, թե ինչպես են այդ մարդիկ՝ արտաքին գործոնն օգտագործելով, մեր երկիրը մաս-մաս վաճառելով, պահել իրենց իշխանությունը: Այլևս բան չի մնացել վաճառելու, հերթը հասել է Արցախին: Այն, ինչ ասում եմ, ասում եմ ամենայն պատասխանատվությամբ և ցավով: Այո, Սերժ Սարգսյանն իր իշխանությունը երկարացնելու նպատակով շահարկում է Արցախի խնդրի լուծումը՝ դրա դիմաց մեծ խոստումներ ստանալով: Այդ խոստումների մեջ մտնում են նաև մեծ գումարներ, որոնցով իր իշխանությունը պետք է երկարացնի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման կարծիք հայտնեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհրդի անդամ Ժիրայր Սէֆիլյանը:

Նա ընդգծեց, որ ադրբեջանական կողմը հլու-հնազանդ չի կատարել՝ զիջումների գնալու Մինսկի խմբի պահանջները, իսկ հայկական կողմը, ըստ նրա՝ Պապից ավելի պապական դիրքերում լինելով, փորձել է մշակել հայ ժողովրդին, որ մեծամասնությունը կողմ լինի զիջումներին. «Դրա դեմը մեզ հաջողվել է առնել՝ շնորհիվ ժողովրդի ու նոր սերնդի»: Նրա խոսքով՝ ապրիլյան պատերազմը շատ նման էր պայմանավորված պատերազմի. «Այս խնդրի կարգավորման բոլոր միջոցները սպառված են, և դիմում են այդ միջոցին: Այս պահին չեմ ուզում փաստարկների շարանը բերել, ըստ որոնց՝ ես եկել եմ այս եզրակացության, որ ապրիլյան պատերազմը պայմանավորված պատերազմ էր: Մեղքը բանակինը չէ, այլ քաղաքական ղեկավարությանը, մասնավորապես՝ Սերժ Սարգսյանինը: Ապրիլյան դեպքերը մեզ ապացուցեցին, որ մեր բանակի ձեռքերը կապված են եղել, որովհետև մենք գիտենք՝ այդ դիրքերը հետ վերցնելու համար ընդամենը մեկ կամ երկու օր է պետք, ոչ ավելի: Երբ ուզենք՝ այդ դիրքերը կվերցնենք»:

Ժ. Սէֆիլյանն ընդգծեց՝ բոլորս ականատես ենք, թե ինչպիսի պատրաստակամությամբ է Սերժ Սարգսյանը խոսում 5 շրջանները զիջելու մասին. «Տեսախցիկներից հեռու տարբեր ձևաչափերի հանդիպումներ են լինում, որոնց մասին մենք տեղեկանում ենք, որտեղ նա նշում է, որ պատրաստ է հայկական զորքերն անմիջապես դուրս բերել այդ տարածքներից: Ադրբեջանցիներն ասում են՝ 6,5 շրջան, Սերժ Սարգսյանն ասում է՝ ոչ, 5 շրջան: Հասել ենք այն օրվան, որ մի օր Սերժ Սարգսյանի շուրթերից լսելու ենք՝ հանուն խաղաղության պետք է գնանք զիջումների»:

Նա նաև նշեց, որ ձերբակալված ՊՆ պաշտոնյաները հերթական քավության նոխազներն էին. «ՊՆ-ում տեղի ունեցող փոփոխություններն ինձ ոչ մի լավ բան չեն հուշում, ու գլխավոր մեղավորը քաղաքական ղեկավարությունն է»:

168.am-ի հարցին՝ տեղեկություններ ունի՞, թե այս պահին հայկական կողմի կորուստների չափի առումով ինչպիսին է վիճակը, քանի որ նախորդ ասուլիսին նրա հնչեցրած թիվը հետագայում հաստատվեց նախագահի խոսքում, երբ նշվեց 800 հա կորցրած տարածքի մասին, նա պատասխանեց. «Նախորդ ասուլիսից մինչ այսօր ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել: Նախորդ անգամվա իմ հնչեցրած թիվը վերաբերում էր հյուսիս-արևելյան հատվածին, դրան գումարած՝ հարավային հատվածը (1-1.5 կմ-ի մասին է խոսքը), ապա մոտավորապես նույն թիվն է լինում, ինչ արտաբերեց Սերժ Սարգսյանը: Ամեն օր կապ ունենք ու իրազեկված ենք, թե ինչ է տեղի ունենում»:

Նա նաև հավելեց, որ հնարավոր է կորցրած տարածքները հետ վերադարձնել՝ առանց զոհեր տալու՝ նշելով, որ նման նախադեպեր ունեցել ենք:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս