«Իմ տղան կակոյ նիբուդ հանցագործի լակոտ չի». մանրամասներ է Նուբարաշենում տեղի ունեցած սպանությունից. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու սպանության գործով որպես մեղադրյալ ներգրավված ԴԱՀԿ աշխատակից, արդարադատության լեյտենանտ Խաչիկ Կոսյանը, որն այժմ կալանավորված է, նրա փաստաբանի եւ ընտանիքի անդամների հավաստմամբ, կապ չունի նշված սպանության հետ… Մենք զրուցել ենք 26-ամյա Խաչիկ Կոսյանի հոր՝ արդարադատության գնդապետ, այժմ թոշակի անցած Հակոբ Կոսյանի հետ, որն ասաց, որ եթե հանկարծ պարզվի, որ որդին իր հոր տարիքի՝ 58 տարեկան մարդու վրա ձեռք է բարձրացրել, ապա խաչ կքաշի նրա վրա եւ որպես որդի այլեւս չի ճանաչի նրան: Խաչիկը, հոր պատմելով, մասնագիտությամբ իրավաբան է՝ մագիստրոսի կոչումով, եւ ուսումն ավարտելուց հետո աշխատանքի է անցել ԴԱՀԿ Կենտրոն, Նորք-Մարաշ բաժնում։
«Սիրալիր, հարգանքով, շրջապատի կողմից ընդունված ու դաստիարակված տղա է»… «Այնպես եք ներկայացնում, կարծես Բեն Լադենի տղան լինի, կարծես ինքը դուրս է եկել ոչ թե իմ գյոզալ ընտանիքից, այլ կակոյ նի բուդ հանցագործի լակոտ ա: Ես միանալու եմ Մեյթիխանյանի պայքարին, որպեսզի պատկան բոլոր մարմինները գտնեն բոլոր մեղավորներին, կարծեմ 6 անձ են եղել, եւ նրանց համար սահմանեն ամենախիստ պատիժը, եւ այս խայտառակությունը վերանա: Հին ու նոր ամեն դեպք բերում-կապում եք էս դեպքի հետ: 2010 թվականին իմ տղան դժբախտ պատահարի մեջ է ընկել՝ նրա կողմից կատարված վրաերթի մասին է խոսքը:
Մարդը դատապարտվեց, իր պատիժը կրեց ու դուրս եկավ»,-վստահեցրեց Կոսյանը: Նա նաեւ ուշագրավ մանրամասներ պատմեց դեպքի օրվա հետ կապված: Ըստ այդմ, Խաչիկը կնոջ հետ (որը քրգործով հետախուզվող Արտաշես Չիչոյանի քույրն է) այդ օրը՝ հունիսի 4-ին, հարսանիքի է մասնակցել, այնուհետ ինչ-որ տեղից զանգել են ու կանչել քեֆի: Կնոջն ասել է՝ կոլեկտիվով հավաքվել են, գնամ, մի ժամով մասնակցեմ՝ գամ: «Քեֆից վերադառնալու ճանապարհին էլ Խաչիկը վթարի է ենթարկվում՝ մեքենան պատին է խփում։ Այնուհետ վթարված մեքենան էվակուատորով ուղարկում է տեխսպասարկման կայան, այնտեղից գնում է հարսանիքի վայր, կնոջը վերցնում, տաքսիով տուն է տանում: Ընկերը, որը դիմավորում է էվակուատոր մեքենային, զանգում է Խաչիկին ու ասում, որ մեքենայի բանալիները չկան: Խաչիկը տեսնում է, որ բանալիները կուրտկայի գրպանում են, տաքսիով գնում-մտնում է տեխսպասարկման կայան, որ տա բանալիները: Այդտեղ ջահելներ են հավաքված լինում, հարցուփորձ են անում, թե ինչպես է վթարը տեղի ունեցել, երկար զրուցում են»,- պատմում է հայրը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: