![](/banners/BeFunky-design.jpg)
Ժիրայր Սէֆիլյանը չի բացառում համագործակցությունը Սամվել Բաբայանի հետ
![](https://168.am/wp-content/uploads/2016/06/Sefilyan.jpg)
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհրդի անդամ Ժիրայր Սէֆիլյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, խոսելով ԼՂՀ Պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի վերադարձի մասին, նշեց, որ պետք է պարզել՝ ո՞վ էր պարտադրողը, որ նա այսքան երկար տարիներ հեռու լինի հայրենիքից.
«Տարօրինակն այն է, որ Սամվել Բաբայանի նման մի անձնավորություն երկար տարիներ բացակայել է իր հայրենիքից: Որո՞նք էին այն երաշխիքները, որ Ռուսաստանում Սամվել Բաբայանին որևէ վտանգ չէր սպառնում՝ շատ լավ հասկանալով, թե Ադրբեջանն ինչպիսի հնարավորություններ ունի Ռուսաստանում: Վերջապես բոլորս գիտենք, որ այդ մարդը պետական բարձր պաշտոններ զբաղեցնելով՝ տիրապետում էր նաև պետական գաղտնիքների, ինչպե՞ս կարելի էր թույլ տալ, որ նա պարտադրված բացակայի Հայաստանից: Ի՞նչ խնդիր էլ որ լիներ, կարծում եմ, հնարավոր էր լուծում գտնել, որ այդ բացակայությունը չլիներ: Իմ կարծիքով՝ Սամվել Բաբայանը երբեք չպետք է բացակայի Հայաստանից. Հայաստան ասելով՝ նկատի ունեմ Արցախը»:
Նա ընդգծեց՝ բոլորդ նկատեցիք, թե ինչպիսի ջղաձգված վիճակ էր տիրում ստեփանակերտյան «իշխանիկների» մոտ. «Դժբախտաբար, ապրիլյան դեպքերը ևս դաս չեղան այդ մարդկանց: Հայկ Խանումյանի վրա հարձակվեցին և գիտենք, որ ստիպել են ստորագրել փաստաթուղթ, որտեղ նշված էր նաև, որ պետք է վերադառնա «իր Իջևանը»: Այդ վայրենիների կողմից նման արարքն ինձ համար զարմանալի չէ, սակայն վատն այն է, որ այդ միտքն այսօր ակտիվ շրջանառության մեջ է: Մենք լսեցինք նաև շարմազանովների և այլ չինովնիկների հայտարարությունները՝ քթերդ մի խոթեք ղարաբաղյան խնդիրների մեջ:
Ի՞նչ է սա նշանակում, հայ զինվորները պետք է զոհվեն արցախյան ֆրոնտում, բայց հայը իրավունք չունի՞ քիթը խոթելու արցախյան հարցերի մեջ, այս ինչ անհեթեթություն է: Այս երկվությունը շատ վտանգավոր եմ համարում ու կարծում եմ՝ մեր ժողովուրդը, բանակը ջլատելու հերթական տեղեկատվական-հոգեբանական հնարքն է: Բոլորին կոչ եմ անում այդ ծուղակը չընկնել և արհամարհել հիմարների կողմից րջանառության մեջ դրված այդ միտքը: Բոլորս պետք է հասկանանք՝ մենք մի ժողովուրդ ենք, չկա Արցախ-Երևան, կա Հայաստան և վերջ»:
Հարցին՝ հնարավոր է համարո՞ւմ է արդյուք Սամվել Բաբայանի հետ համագործակցությունը, նա պատասխանեց. «Այն կոմիտեն, որ փորձելու ենք ձևավորել(խոսքը «Ազգային դիմադրության կոմիտե»-ի մասին է:-Ռ.Մ.), վստահ եմ, որ Արցախից ևս բազմաթիվ մարդիկ իմ իմ բնութարումներին կհամապատասխանեն ու կներգրավվեն կոմիտեում: Այս կոմիտեն չի լինելու միայն երևանյան կոմիտե, մեր հայտարարության մեջ շեշտել ենք՝ արտերկրում բնակվող մեր հասարակությանը հայտնի մարդկանց պետք է դիմենք այդ կոմիտեում ներգրավելու համար, Արցախից՝ ևս: Սամվել Բաբայանը ևս կարող է լինել այդ կոմիտեում, բայց անուններ չեմ հայտարարում, երբ տեղի ունենան հանդիպումներ, ժողովրդին կիրազեկենք՝ ում հետ ենք հանդիպել և արդյունքն ինչպիսին էր»:
Մանրամասները՝ տեսանյութում