Բաժիններ՝

Եվրո-2016-ը «եվրոպական գաղափարի» իսկական տոն կդառնա. Ֆրանսուա Օլանդ

Ֆուտբոլի առաջնությունը, որը հունիսի 10-ին մեկնարկում է Ֆրանսիայում, կդառնա ոչ միայն մարզական խոշորագույն իրադարձություն, այլեւ «եվրոպական գաղափարի իսկական տոն», որին կմասնակցեն ոչ միայն Եվրամիության երկրները: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

Նրա խոսքով՝ ներկայիս առաջնությունը «տոն կդառնա ամբողջ Եվրոպայի համար»: «Այստեղ խաղալու կգան Եվրամիության երկրները ներկայացնող թիմեր: Իհարկե, միշտ էլ առանձնահատուկ դիրք է ունեցել Մեծ Բրիտանիան՝ նկատի առնելով, որ նա այստեղ ներկայացված է երեք թիմով»,- նշել է նա:

Միաժամանակ Օլանդն ընդգծել է, որ ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն նաեւ ԵՄ-ի մեջ չմտնող պետությունների հավաքականները: «Այս մեծ մրցությանը ներկայացված են երկրներ, որոնք Եվրամիության մասնակիցներ չեն: Այդպիսով՝ դա կլինի ֆուտբոլի տոն, բայց նաեւ եվրոպական գաղափարի տոն, որն զգալիորեն գերազանցում է պետությունների սահմանները»,- ասել է Ֆրանսիայի նախագահը:

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը հունիսի 10-ից մինչեւ հուլիսի 10-ը տեղի կունենա Ֆրանսիայի տասը քաղաքներում: Մրցաշարը կբացվի այսօր երեկոյան A խմբից Ֆրանսիայի եւ Ռումինիայի հավաքականների մրցախաղով, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս