«Անշնորհակալ գործով են զբաղված». Էդուարդ Շարմազանովի պատասխանը ՌԴ ԱԳՆ-ին

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, 168.am-ի հետ զրույցում մեկնաբանելով Երևանում տեղադրված Գարեգին Նժդեհի արձանի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի այն հայտարարությունը, թե «Մոսկվան զարմացած է Երևանում Վերմախտի «Հայկական լեգեոնի» հիմնադիրներից մեկի՝ գեներալ Գարեգին Նժդեհի հուշարձանի տեղադրմամբ», ասաց, որ Գարեգին Նժդեհին դիտարկել՝ որպես ֆաշիզմի և նացիզմի դաշնակից և գործընկեր, առնվազն պատմական գիտությունների թերի լինելու մասին է վկայում:

«Գարեգին Նժդեհը հայ ազգի մեծագույն հերոսներից է, ինչպես բարեկամ ռուս ժողովրդի համար մեծագույն հերոս են Ալեքսանդր Նևսկին, Սուվորովը, Կուտուզովը, Ժուկովը և շատ ու շատ մեծ գործիչներ: Եվ Գարեգին Նժդեհն իր ողջ գործունեությունը ծավալել է ոչ թե ինչ-որ մեկի դեմ, այլ հանուն՝ հանուն հայ ժողովրդի ազատագրության, փրկության և անկախության»,- ասաց Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով՝ որքան ընդունելի է Կուտուզովի և Սուվորովի արձանները դնել Ռուսաստանում, այնքան էլ ընդունելի է Գարեգին Նժդեհի արձանի տեղադրումը Երևանում:

«Նժդեհին նացիստների, ֆաշիստների հետ կապելն առնվազն պատմական գիտությունների թերի լինելու մասին է վկայում: Նժդեհի ոչ մի զինվոր չի կռվել ընդդեմ խորհրդային կարգերի, Կարմիր բանակի դեմ»,- ասաց Շարմազանովը՝ հիշեցնելով, որ 1939թ. օգոստոսի 23-ին Խորհրդային Միությունը և արտաքին գործերի նախարար Մոլոտովը Ֆաշիստական Գերմանիայի արտգործնախարար Ռիբենտրոպի հետ կնքեցին Չհարձակման և համագործակցության մասին պայմանագիր: «Անշնորհակալ գործով են զբաղված: Չի կարելի Գարեգին Նժդեհին այդքան փոքրացնել՝ նրան կապելով ֆաշիստների հետ:

Նրա մասին խոսելուց առաջ կարելի է ամբողջական տեղեկություն ունենալ, հետո նոր խոսել: Եթե մենք սկսենք խոսել, թե ով է Վերմախտի հետ համագործակցել, կարող ենք ասել, որ 1939 թվականին Խորհրդային Միության ողջ ղեկավարությունը որոշակի ժամանակահատվածում համագործակցել է Վերմախտի հետ՝ մինչև Հայրենական մեծ պատերազմը սկսելը»,- ասաց Շարմազանովը՝ ընդգծելով, որ Նժդեհն իր ողջ կյանքը նվիրաբերել է հանուն հայ ժողովրդի զարգացման ու անկախության:

Հիշեցնենք, որ Մարիա Զախարովան այսօր ճեպազրույցում հայտարարել է, թե «Մոսկվան զարմացած է Երևանում Վերմախտի «Հայկական լեգեոնի» հիմնադիրներից մեկի՝ գեներալ Գարեգին Նժդեհի հուշարձանի տեղադրմամբ»: «Մեր վերաբերմունքը՝ նացիզմի ցանկացած դրսևորման հերոսականության, նեոնացիզմի, ծայրահեղականության ինչ-որ դրսևորումների նկատմամբ, նույնպես բոլորը քաջ գիտեն: Այդ վերաբերմունքն ամրագրված է միջազգային փաստաթղթերում: Մեզ համար անհասկանալի է, թե ինչու է տեղադրվել վերոնշյալ հուշարձանը, քանի որ մենք բոլորս գիտենք հայ ժողովրդի սխրանքի մասին, դա Հայրենական Մեծ պատերազմի, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հայ ժողովրդի անմահ սխրանքն է»,- ասել էր նա:

Կարմեն Ղուկասյան

Տեսանյութեր

Լրահոս