
Պաշտոնական Երևանը կպատասխանի Մոսկվային

Հայաստանի ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, 168.am-ի հետ զրույցում մեկնաբանելով Երևանում տեղադրված Գարեգին Նժդեհի արձանի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի այն հայտարարությունը, թե «Մոսկվան զարմացած է Երևանում Վերմախտի «Հայկական լեգեոնի» հիմնադիրներից մեկի՝ գեներալ Գարեգին Նժդեհի հուշարձանի տեղադրմամբ», հակիրճ պատասխանեց, որ «այդ կապակցությամբ մենք էլ կհայտնենք մեր դիրքորոշումը»:
Հիշեցնենք, որ Մարիա Զախարովան այսօր ճեպազրույցում հայտարարել է, թե «բոլորը քաջ գիտեն մեր վերաբերմունքը Հայրենական մեծ պատերազմի նկատմամբ»:
«Մեր վերաբերմունքը նացիզմի ցանկացած դրսևորման հերոսականության, նեոնացիզմի, ծայրահեղականության ինչ-որ դրսևորումների նկատմամբ, նույնպես բոլորը քաջ գիտեն: Այդ վերաբերմունքն ամրագրված է միջազգային փաստաթղթերում: Մեզ համար անհասկանալի է, թե ինչու է տեղադրվել վերոնշյալ հուշարձանը, քանի որ մենք բոլորս գիտենք հայ ժողովրդի սխրանքի մասին, դա Հայրենական մեծ պատերազմի, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հայ ժողովրդի անմահ սխրանքն է»,- ասել էր նա:
ԿԱՐՄԵՆ ՂՈՒԿԱՍՅԱՆ