«Անորակ ապրանքները ետ չեն վերադարձվելու մատակարարին». Մովսես Հակոբյան

Անորակ ապրանքները ետ չեն վերադարձվելու մատակարարին, մինչև այն չփոխարինվի տեխնիկական բնութագրին, որակին համապատասխան ապրանքով: Այս մասին այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունում ՊՆ կարիքների համար ապրանքների մատակարարման, աշխատանքների և ծառայությունների մատուցման մրցույթների հնարավոր մասնակիցների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ՆՏԱ դեպարտամենտի պետ Մովսես Հակոբյանը: «Ետ չի վերադարձվելու փոխարինման ակնկալիքով: Ի պահ է վերցվելու բանակում՝ մինչև փոխարինվի տեխնիկական բնութագրին համապատասխան ապրանքներով»:

ՊՆ Գնումների կազմակերպման վարչության աշխատակիցը հորդորեց ավելի ակտիվ լինել իրավունքների պաշտպանության հարցում: Ներկայացնելով գնման գործընթացներում մերժված մասնակիցների կողմից ներկայացված բողոքների վիճակագրությունը՝ նա նշեց, որ 2014թ. 13 բողոք է ներկայացվել, որից ընդամենը 5-ն է բավարարվել բողոքարկման խորհրդում: Նախորդ տարի ներկայացված 7 բողոքներից 1-ն է բավարարվել: Այս պահի դրությամբ՝ արդեն 17 բողոք կա, որոնցից 13-ի վերաբերյալ որոշում է կայացվել. բավարարվել է 5-ը:

Ընկերություններից մեկի տնօրենն ասաց, որ այս տարի ներկայացված բողոքներից երկուսն իրենք են ներկայացրել, համաձայն չեն եղել հանձնաժողովի որոշման հետ, իրենց փաստարկները չեն ընդունվել, այժմ էլ փաստաբան են վարձում դատարան դիմելու համար:

Մովսես Հակոբյանն ասաց, որ կուսումնասիրի բողոքը, կպատասխանի: Նա նշեց, որ կարող են շարունակել բողոքարկել:

Տեսանյութեր

Լրահոս