Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԻԿՐԱՆԵՏ-ի պատվիրակությունը

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 10-ին ընդունեց Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի կենտրոնների միջազգային ցանցի (ICRANet) պատվիրակությանը՝ կազմակերպության տնօրեն Ռենե Ռուֆինիի գլխավորությամբ։ Հանդիպմանը ներկա էին Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, կազմակերպության հիմնադիր երկրն երի՝ Իտալիայի և Բրազիլիայի դեսպանները: ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից տեղեկացնում են, որ ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ ICRANet-ին անդամակցությունը վկայում է այն կարևորության մասին, որը Հայաստանը տալիս է աստղաֆիզիկայի զարգացմանը և այդ բնագավառում միջազգային փոխգործակցության խորացմանը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ պրոֆեսոր Ռուֆինին ընդգծեց, որ Հայաստանի աշխարհագրական դիրքը և գիտության, մասնավորապես՝ աստղաֆիզիկայի ասպարեզում նվաճումներն ու ներուժը շատ կարևոր են այդ բնագավառում միջազգային համագործակցության զարգացման համար։ Նա բարձր գնահատեց Հայաստանի իշխանությունների և գիտական շրջանակների աջակցությունը Երևանում կառույցի ներկայացուցչության բացման հարցում։

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին ԻԿՐԱՆԵՏ-ի գործունեության հեռանկարների և իրականացվելիք ծրագրերի շուրջ։

Տեղեկանք. Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի կենտրոնների միջազգային ցանցը (ICRANet), որին անդամակցում են Հայաստանը, Իտալիան, Վատիկանը, Բրազիլիան, Թուսոնի և Սթենֆորդի համալսարանները և Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի միջազգային կենտրոնը (ՌԱՄԿ), 2005թ.-ից փաստացի գործում է Իտալիայի Պեսկարա քաղաքում (հիմնադրման մասին համաձայնագիրն ու կանոնադրությունը ստորագրվել են 2003թ.)։ Կազմակերպությունը նպատակ է հետապնդում հարաբերական աստղաֆիզիկայի ոլորտում իրականացնել կրթական և գիտական ուսումնասիրությունների ծրագրեր, ինչպես նաև խթանել ոլորտում միջազգային գիտական համագործակցությունը։ Կազմակերպությունը գրասենյակներ ունի Պեսկարայում (կոորդինացիոն կենտրոն), Հռոմի Լա Սապիենցա համալսարանում, Նիսում, իսկ 2013թ.-ից նաև Ռիո դե Ժանեյրոյում։

Տեսանյութեր

Լրահոս