
Թագուհու 90-ամյակին Բուքինգհեմյան պալատի վրայով կթռչեն թագավորական ռազմաօդային ուժերի ինքնաթիռները

Մեծ Բրիտանիայում Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ծննդյան 90-ամյակի առթիվ եռօրյա պաշտոնական հանդիսություններն սկսվել են Լոնդոնի Սուրբ Պողոսի տաճարում կայացած արարողությամբ, տեղեկացնում է BBC-ն:
Արարողությանը ներկա են եղել թագավորական ընտանիքի անդամները, այդ թվում՝ թագուհու ամուսինը՝ այքայազն Ֆիլիպը, որի 95-ամյակը լրանում է հունիսի 10-ին:
Տաճարի ավագ քահանա Դեւիդ Իսոնը թագուհուն շնորհակալություն է հայտնել երկրին հավատարիմ ծառայելու համար:
«Մենք շնորհակալ ենք Նորին Գերազանցությանը, նաեւ շնորհակալ ենք արքայազն Ֆիլիպին՝ Էդինբուրգի դուքսին, եւ ողջ թագավորական ընտանիքին՝ փոխադարձ սիրո եւ աջակցության համար, երկրին եւ Ազգերի համագործակցությանը ծառայելու համար»,-ասել է նա:
Արարողությունը անցկացրել է Քենթերբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբին:
Հունիսի 11-ին միապետի ծննդյան օրվա պատվին Լոնդոնի կենտրոնում տեղի կունենա ավանդական շքերթ, որից հետո Բուքինգհեմյան պալատի վրայով կթռչեն Թագավորական ռազմաօդային ուժերի ինքնաթիռները: