![](/banners/BeFunky-design.jpg)
«Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումը մեծ նշանակություն ունի մեզ համար». Փոլադ Բյուլբյուլօղլու
![](https://168.am/wp-content/uploads/2016/06/1abf1f5a8b161fb53b491f61374b576e.jpg)
«Եթե Լեռնային Ղարավաղի հակամարտության սկզբնապատճառը չլուծվի, չկասեցվի Ադրբեջանի դեմ ագրեսիան ու Հայաստանի զորքերը դուրս չբերվեն մեր երկրի տարածքից, ապա ոչ ոք չի կարող ոչ մի երաշխիք տալ»: Այս մասին, ինչպես հայտնում է APA-ն, հայտարարել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն:
Ադրբեջանցի դեսպանի խոսքով՝ ադրբեջանցիները, Ադրբեջանի նախագահը երբեք չեն զիջի ոչ մի սանտիմետր: «Դա պետք է գիտակցեն բոլորը՝ և´ Հայաստանը, և´ միջազգային հանրությունը, և´ համանախագահները: Ադրբեջանի նախագահը, ԱԳՆ-ն բազմիցս հայտարարել են այդ մասին, սակայն մեզ չեն լսում, չեն ցանկանում լսել: Ապրիլյան իրադարձությունները ցույց տվեցին, որ ստատուս քվոն անընդունելի է»,- ասել է նա:
Անդրադառնալով Վիեննայի հանդիպմանը՝ դիվանագետը հիշեցրել է, որ այդ հանդիպմանը երկու երկրների նախագահները համաձայնել են հունիսին հերթական բանակցությունն անցկացնել:
«Եղել են տարբեր առաջարկներ հանդիպման վայրի մասին: Երեկ ՌԴ ԱԳՆ-ի կայքում տարածվել էր տեղեկություն այն մասին, որ եռակողմ հանդիպումն անցկացվելու է Սանկտ Պետերբուրգում, սակայն դա այնուհետ հեռացվել էր անհայտ պատճառներով: Ես լիազորված չեմ խոսել հանդիպման տեղի և վայրի մասին, սակայն կարծում եմ, որ այն հունիսին տեղի կունենա:
Այդ հանդիպումը մեծ նշանակություն ունի մեզ համար: Հանդիպմանը կորոշակիացվեն ապագա քայլերի վեկտորները՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ»,- ասել է նա: