Բաժիններ՝

Ինչպե՞ս է Ֆրանսիան վերահսկելու անվտանգությունը Եվրո-2016-ի ընթացքում

Եթե պատրաստվում եք մոտակա մեկ ամսվա ընթացքում մեկնել Ֆրանսիա, ապա պետք է պատրաստ լինեք, որ արդեն օդանավակայանից ձեզ դիմավորելու են ոչ միայն՝ գինին և ֆրանսիական թեթև զրույցները, այլև՝ ոստիկանական համազգեստով մի քանի աշխատակիցներ:

Մարզական աշխարհում ամենակարևոր իրադարձություններից մեկի անցկացումն այս անգամ վստահվել է Ֆրանսիային: Կազմակերպչական հարցերում ոչ մի խնդիր չկար մինչ այն պահը, երբ Ֆրանսիայում տեղի ունեցան ահաբեկչական գործողություններ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Եվրոպայում կա լարվածություն՝    անվտանգության հետ կապված, Եվրո-2016-ի ողջ ընթացքում Ֆրանսիայում անվտանգությունը կհսկեն ավելի, քան 100 հազար աշխատակիցներ:

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բերնար Կազնևը նշում է, որ անվտանգության նման մակարդակը պահպանվում է արդեն մի քանի ամիս, սակայն Եվրո-2016-ի ընթացքում հսկողությունը կլինի 24-ժամյա:

Որպեզի խաղերի ընթացքում չլինեն խնդիրներ, յուրաքանչյուր մարզադաշտում ներկա կլինեն անվտանգության 900 գործակալներ: Ըստ անվտանգության պլանի՝ յուրաքանչյուր 70-80 երկրպագուին պետք է հսկի մեկ գործակալ:

Եվրո-2016-ի եզրափակիչ փուլի մասնակից 24 հավաքականների անվտանգությունը կհսկեն 3500 ոստիկաններ:

Մեկ ամսվա ընթացքում Ֆրանսիայում կգործեն նաև ոստիկանական ուղղաթիռներ և նավակներ:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի ժամանակավոր հավատարմատար Նիկոլա Ֆաեն օրերս կայացած մամուլի ասուլիսում նշեց, որ Ֆրանսիան շատ մեծ պատասխանատվությամբ է վերաբերվում այս առաջնությանը: Ողջ Ֆրանսիայում մոբիլիզացվել են Ժանդարմերիայի, Շտապօգնության աշխատակիցներ, ոստիկանական ուժեր: Երկրպագուների երթերը հսկվելու են անվտանգության հատուկ ուժերի կողմից:

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բերնար Կազնևը նշում է, որ Ֆրանսիան անելու է ամեն բան, որպեզի ֆուտբոլային մեծ տոնին չխանգարի ոչ մի լարվածություն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս