Հայաստանում հայտնված Ադրբեջանի քաղաքացին հայրենադարձվեց
Այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանու ներքո Ադրբեջան հայրենադարձվեց քաղաքացիական անձը՝ կինը, որը 2016թ․ հունիսի 7-ին հատել էր միջազգային սահմանը՝ հայտնվելով Հայաստանում։ Գործողությունը տեղի ունեցավ հայկական Իջևան և ադրբեջանական Ղազախ քաղաքների միջև անցնող ճանապարհին՝ միջազգային սահմանի վրա։ Այս մասին տեղեկացնում են Կարմիր Խաչի գրասենյակից:
Գործելով որպես չեզոք միջնորդ՝ ԿԽՄԿ-ն աջակցել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության իշխանություններին հայրենադարձումն իրականացնելու հարցում։ Մինչ հայրենադարձումը ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն այցելել են անձին՝ նրա հանդեպ վերաբերմունքը և պահման պայմանները գնահատելու նպատակով։
Հիմնվելով Ժնևյան կոնվենցիաներով սահմանված իր հանձնագրին՝ ԿԽՄԿ-ն այս տարածաշրջանում գործում է 1992 թվականից ի վեր՝ կապված ղարաբաղյան հակամարտության հետ: