
«Մանչեսթեր Յունայթեդը» սկսել է բանակցությունները «Յուվենթուսի» և Մինո Ռայոլայի հետ՝ Պոլ Պոգբայի վերաբերյալ

Ֆրանսիացին ինքը «Յուվենթուսից» հեռանալու դեպքում կգերադասեր տեղափոխվել «Ռեալ»:
«Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն խնդրել է ակումբին ուժեղացնել կիսապաշտպանության գիծը, և «Օլդ Թրաֆֆորդում» լրջորեն մտածում են հետ բերել Պոլ Պոգբային: Ինչպես հաղորդում է ESPN-ը, «Կարմիր սատանաների» ղեկավարությունը կապի մեջ է մտել «Յուվենթուսի» և ֆրանսիացու գործակալ Մինո Ռայոլայի հետ 23-ամյա ֆուտբոլիստի ձեռքբերման հնարավորությունները քննարկելու համար:
Միևնույն ժամանակ, Պոգբային մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ ֆրանսիացին մտադիր է սպասել մինչև Եվրո-2016-ի ավարտը և «Ռեալի» հաշվով իրավիճակի պարզմանը: Մադրիդցիների նախագահ Ֆլորենտինո Պերեսը նախկինում չէր թաքցնում Պոգբային ձեռք բերելու ցանկությունը:
Պոլ Պոգբան «Յուվենթուս» է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդից»՝ 2012 թվականին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը