Ղազախստանում ահաբեկիչներ են ոչնչացվել
4 ահաբեկիչներ, որոնք առնչություն են ունեցել Ղազախստանի Ակտոբե քաղաքում զենքի խանութի ու զորամասի վրա հարձակումներին, ոչնչացվել են քաղաքում անցկացված հատուկ օպերացիայի ժամանակ:
Այս մասին հայտնել է հանրապետության Ազգային անվտանգության հակաահաբեկչական կենտրոնը, տեղեկացնում է TASS-ը:
«Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ահաբեկիչների գտնվելու վայրը: Բանակցությունների արդյունքում ահաբեկիչները հրաժարվել են հանձնվել ու կրակ են բացել»,- հայտնում են գերատեսչությունից՝ նշելով, որ գրոհի ժամանակ բոլոր ահաբեկիչները ոչնչացվել են:
Նաև հաղորդվում է, որ քաղաքի մեկ այլ վայրում ահաբեկիչների համախոհը կրակ է բացել պարեկային ոստիկանների ուղղությամբ և ոչնչացվել է պատասխան կրակից: 2 ոստիկան թեթև վնասվածքներ է ստացել:
«Զոհեր և տուժածներ խաղաղ բնակիչների ու ուժային կառույցների աշխատակիցների շրջանում չկան»,- ասվում է հաղորդագրության մեւ:
Հատուկ ծառայությունները շարունակում են ահաբեկչություններին առնչություն ունեցող մարդկանց ձերբակալությունները:
Հիշեցնենք, որ կիրակի օրը մի խումբ անհայտ անձինք, որոնց երկրի իշխանությունները համարում են կրոնական արմատականներ, հարձակումներ էին գործել զենքի երկու խանութի և Ակտոբեի զորամասի վրա:
Վերջին տվյալների համաձայն՝ հարձակվողները սպանել են 6 և վիրավորել 38 մարդու, որոնցից մեծ մասը զինծառայողներ են:
Իշխանությունները հարձակումը բնորոշել են որպես ահաբեկչություն, իսկ քաղաքում հայտարարվել էր ահաբեկչական սպառնալիքի բարձրագույն՝ «կարմիր» մակարդակ:
Ղազախստանի ՆԳՆ-ն հայտարարել է, որ բոլոր ենթադրյալ հանցագործների ինքնությունը պարզվել է, սակայն անուններ չեն հրապարակվել: