![](/banners/BeFunky-design.jpg)
«Եթե մեղավորներն իսկապես պատժվեն, ապա կհամարենք, որ Արցախում մեկ քայլով առաջ ենք գնացել դեպի ժողովրդավարություն»
![](https://168.am/wp-content/uploads/2016/06/Tevan-Copy.jpg)
ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց, որ Արցախում տեղի ունեցած դեպքն ամբողջովին կհաղթահարվի, երբ ամբողջ քննությունը թափանցիկ ներկայացվի, դատաքննությունը թափանցիկ տեղի ունենա, և բոլոր մեղավորներն իրենց պատիժը կրեն. «Եթե մեղավորներն իսկապես պատժվեն, ապա կհամարենք, որ Արցախում մեկ քայլով առաջ ենք գնացել դեպի ժողովրդավարություն: Մամուլը պետք է պահանջատիրական լինի, որ տեղեկություններ տրամադրեն, թե ինչ գործողություններ են եղել, և իշխանությունները հասկանան, որ հետևում են, իրենց շնչին կանգնած են, ու իրավունք չունեն այս գործին մատների արանքով նայել»:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ նշեց, որ համամիտ է գործընկերոջ կարծիքի հետ. «Պետք է գնահատականներ տրվեն և իրավական գործողություններ կատարվեն: Դա Արցախի Հանրապետության ներքին գործն է, բայց մենք՝ որպես քաղաքական գործիչներ, չենք ասում՝ դա իրենց ներքին գործն է, և վերջ: Ցանկացած գործընթաց ԼՂՀ-ում, լինի դա ընդդիմության կամ իշխանության կողմից, որևէ կերպ չպետք է խաթարի արտաքին արտահայտման ձևը, որ մեր հակառակորդները չարձանագրեն, թե Արցախը ժողովրդավարական երկիր չէ: Մենք պետք է գիտակցենք նաև, որ ունենք կարևորագույն խնդիր՝ հաղթահարելու այն մշտական ռազմական վտանգը, որ կա»: