Մենք գտնվում ենք սոցիումի ուժեղ ճնշման տակ. «Առավոտ»

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Երբ մեզ ինչ-որ բան դուր չի գալիս, մենք չենք վարանում ամենասուր, ամենակոպիտ, ամենավիրավորական բառերով դրա մասին խոսել։ Մանավանդ այսօր՝ համացանցի դարում, կարիք չկա թեկուզ մի քանի վայրկյան շունչ քաշելու, դիմացինիդ աչքերին նայելու` ստեղնաշարը ձեռքի տակ է։ Բայց երբ մենք ինչ-որ բան հավանում ենք՝ սկսած անձրեւից հետո հայտնված ծիածանից եւ վերջացրած ինչ-որ հասարակական երեւույթով, մենք չենք շտապում մեր գոհունակությունը հրապարակավ հայտնել։

Պատճառն այն է, որ մենք գտնվում ենք սոցիումի ուժեղ ճնշման տակ՝ վախենում ենք, որ ցանկացած դրական բառ սխալ է հասկացվելու այն հասարակության մեջ, որտեղ ընդունված է իրար փնովել եւ նախանձել։ Ի հեճուկս հասարակական այդ ճնշման` ուզում եմ երեք պաշտոնյաների մասին բարի խոսքեր ասել: Դավիթ Փախչանյանը նշանակվել է պաշտպանության նախարարի տեղակալ-պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ: Անձամբ ծանոթ չեմ նորանշանակ պաշտոնյայի հետ, բայց նրա կենսագրությունը տպավորիչ է` գիտության եւ կրթության ոլորտ, բարձր կարգի մենեջերի աշխատանք: Իհարկե, մեր պետական համակարգի` մարդուն փչացնելու հնարավորություններն անսահմանափակ են, բայց ինչ-որ ներքին ձայն ինձ հուշում է, որ նա իրեն երբեք Ալիկ Միրզաբեկյանի նման չի դրսեւորի:

Ռուսաստանաբնակ դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը նշանակվել է Oպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար: Դարձյալ անձամբ չեմ ճանաչում այդ երաժշտին, լսել եմ ինձ հասանելի ձայնագրությունները, կարդացել եմ Ռուսաստանի պետական կամերային նվագախմբի «հաջողության պատմության» եւ դիրիժորի գործունեության այլ դրվագների մասին եւ այս դեպքում էլ եմ կարծում, որ այդ մարդը Հայաստանի մշակույթին օգուտ կբերի»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս