Էրդողանի թիկնապահներն ԱՄՆ-ում հայտնվել են նոր սկանդալի կենտրոնում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` ԱՄՆ կատարած այցն ուղեկցվել է սկանդալային միջադեպով, որի կենտրոնում կրկին հայտնվել են Էրդողանի թիկնապահները: Ինչպես հաղորդում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը, երբ Էրդողանն իր հյուրանոցից դուրս է եկել և նստել է մեքենա՝ Մուհամեդ Ալիի մշակութային կենտրոն գնալու նպատակով, նրա թիկնապահները բախում են ունեցել ԱՄՆ գաղտնի ծառայությունների աշխատակիցների հետ:
Արարողակարգի համաձայն` գաղտնի ծառայության ամերիկացի աշխատակիցը, ով Էրդողանի այցի շրջանակում պարտավոր է պահպանել նրա անվտանգությունը, կանգնել է մեքենայի դռան կողքը: Սակայն Թուրքիայի նախագահի թիկնապահը ևս ցանկացել է նույն կետում կանգնել, ինչի հետևանքով երկու կողմերի միջև բախում է առաջացել: Խնդրին միջամտել են թուրք ու ամերիկացի մյուս թիկնապահները, ինչից հետո միայն իրավիճակը հանդարտվել է:
Ուշագրավ է, որ 2016 թվականի մարտին Էրդողանի`Վաշինգտոն կատարած այցի ժամանակ նրա թիկնապահները դարձյալ սկանդալի մեջ էին հայտնվել: Թուրքիայի նախագահի հյուրանոցի դիմաց հավաքված մի խումբ ցուցարարների ձայնը լռեցնելու նպատակով Էրդողանի թիկնապահները կանգնել էին նրանց դիմաց ու պարզապես սկսելի էին բարձր գոռալ` մյուսների ձայնը լսելի չդարձնելու համար։ Այս դրվագի տեսագրությունը համացանցում մեծ աղմուկ էր հանել` դառնալով զավեշտալի տեսահոլովակների նյութ:
Ի դեպ, Էրդողանը ԱՄՆ կատարած այցը կիսատ է թողել և վերադարձել է Թուրքիա: Նա մեկնել էր վերջին հրաժեշտը տալու հայտնի բռնցքամարտիկ Մուհամեդ Ալիին: Վերջինիս հոգեհանգստի արարողության ժամանակ Էրդողանը ցանկացել է քիսուայի (իսլամական ծածկոց) մի մասը գցել դագաղի վրա, սակայն ստացել է «Մենք հետո կգցենք» պատասխանը, ինչը նա դժգոհությամբ է ընդունել: Բացի այդ, մերժվել է «Ղուրան» կարդալու իր և Կրոնական գործերի նախարար Մեհմեթ Գյորմեզի ցանկությունը:
Էրդողանը վերադարձել է Թուրքիա առանց Մուհամեդ Ալիի թաղման արարողությանը մասնակցելու: