Սկսվել է Մուհամմեդ Ալիի հուղարկավորությունը, որին ներկա կլինեն Թայիփ Էրդողանն ու Բիլ Քլինթոնը
Ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկ Մուհամմեդ Ալիի հայրենի Լուիսվիլ քաղաքում (ԱՄՆ Քենտուքի նահանգ) տեղի է ունենում նրա հուղարկավորության երկօրյա արարողությունը, հայտնում է BBC-ն:
Հրաժեշտի արարողությունը կայացել է իսլամական կրոնական ծեսի համաձայն: Նրա ընտանիքի անդամներից մեկը հայտնել է, որ բռնքամարտիկը անձամբ է մշակել իր հուղարկավորության անցկացման պլանը:
Արարողության անցկացման վայր է ընտրվել KFC Yum! մարզադաշտը, որտեղ տեղի է ունեցել Ալիի վերջին մարտը 1961թ.: Մուհամմեդ Ալին եղել է ամենահայտնի մուսուլմաններից մեկը: Հրաժեշտի արարողությունը կշարունակվի ուրբաթ օրը:
Նրա հուղարկավորությանը ներկա կլինեն հայտնի քաղաքական գործիչներ, այդ թվում՝ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի կարող ժամանել Լուիսվիլ, քանի որ ներկա է գտնվելու իր դստեր՝ Մալիայի դպրոցական ավարտական արարողությանը
Մուհամմեդ Ալին կյանքից հեռացել է ուրբաթ օրը՝ կյանքի 75-րդ տարում Ֆենիքսի (ԱՄՆ) հիվանդանոցներից մեկում, որտեղ անցկացրել է մի քանի օր՝ կապված շնչառական խնդիրների հետ: Մարզիկը տառապում էր Պարկինսոնի հիվանդությամբ, որը նրա մոտ ախտորոշվել էր 1984թ.:
Մուհամմեդ Ալին ամենահայտնի բռնցքամարտիկներից էր, ծանր քաշային կարգում՝ աշխարհի բացարձակ չեմպիոն (1964-1966, 1974-1978), 5 անգամ արժանացել է «Տարվա բռնցքամարտիկ» և «Տասնամյակի բռնցքամարտիկ» տիտղոսներին:
Կարիերայի ավարտից հետո նա դարձել էր ՅՈՒՆԻԵՖ-ի բարի կամքի դեսպան (1998-2008): Իր կարիերայի ընթացքում ամերիկացի բռնցքամարտիկն անցկացրել է 61 մարտ, հաղթանակել 56-ում (37-ը՝ նոկաուտով):