«Ռոբերտ Քոչարյանի ու Սամվել Բաբայանի ձգտումները համընկել են». Վադիմ Դուբնով

168.am-ի զրուցակիցն է ռուս քաղաքական վերլուծաբան, սյունակագիր Վադիմ Դուբնովը

– Պարոն Դուբնով, այն բանից հետո, երբ Գերմանիայում Ադրբեջանի նախագահ Ալիևն ու Գերմանիայի կանցլեր Մերկելը գլխավոր դերակատարություն շնորհեցին Ռուսաստանին ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում, ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ Իգոր Պոպովը հարցազրույց տվեց և խոսեց շրջանակային համաձայնագրի կնքման հնարավորության մասին ` ըստ էության, հերթական նախագահական հանդիպումից առաջ: Ի՞նչ է, ըստ Ձեզ, ենթադրվում շրջանակային համաձայնագրի ներքո:

– Շրջանակային համաձայնագիրն արդեն «100 տարեկան է», երևի թե այն արտահայտված է Մադրիդյան սկզբունքներում, բավականին վաղուց, հիանալի շրջանակային համաձայնագիր, որը դեռևս չի հեռացել բանակցային սեղանից: Շրջանակային է կոչվում, քանի որ այն իբրև թե կա, ինչը ժամանակ առ ժամանակ թվում է, թե այդպես չէ, կարելի է մշտապես այս փաստաթղթի հետ հաշվի նստել, և որևէ մեկը երբեք չի պահանջի դրա հստակեցում և կատարում: Շրջանակային համաձայնագիրը երկխոսության միայն սկիզբն է: Բանաձևը մեկն է` տարածքների վերադարձ՝ խաղաղության դիմաց՝ որոշակի նրբություններով, հենց սա է շրջանակային համաձայնագիրը, բայց դրանում կոնկրետ հարցերի շուրջ պայմանավորվելը բարդ է: Այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ ապրիլին, իրավիճակը բարդ է, քան նախկինում, կողմերն ակտիվ իմիտացնում են պատերազմի վերսկսման վտանգ: Կցանկանայի մտածել, որ չկա նման վտանգ:

– Ինչո՞ւ են թարմացվում Մոսկվայի գլխավորի դերակատարության մասին խոսակցությունները Մերկելի և Ալիևի կողմից հերթական հանդիպումից առաջ, երբ նախորդ հանդիպումը ցույց տվեց, որ Մոսկվան զիջում է իր դիրքերը:

– Ադրբեջանը ձգտում է հերթական անգամ իր համակրանքը հայտնել Մոսկվային՝ հերթական հանդիպումից առաջ, ինչը բնական է, իսկ Մերկելն այլ խնդիր է լուծում` խորացնում է իր դերը Մինսկի խմբում, Գերմանիան ցանկանում է զբաղվել կարգավորմամբ և ներկայումս Գերմանիան փոքրիկ կոմպլիմենտ է անում Մոսկվային և խրախուսում է Մոսկվային այն բանի համար, որ Մոսկվան չի ակտիվացնում իր դերակատարությունը ԼՂ հակամարտությունում այնպես, ինչպես բոլորը վախենում էին: Կարծում եմ` սա խրախուսման նշան է: Մյուս կողմից ՝ ինչո՞ւ կոմպլիմենտ չանել այն կողմին, որը փորձում է ակտիվություն մտցնել այս գործընթացում:

– Այս մթնոլորտում հունիսյան հանդիպումից ի՞նչ պետք է սպասել, ու ո՞ր դեպքում այն կարելի է համարել հաջողված:

– Հանդիպումները հաջողված կարելի է համարել միայն տարիներ անց: Իսկ հունիսին թող հանդիպեն նախագահները, ավելի լավ է՝ հանդիպեն, քան չհանդիպեն: Ինչպես պրակտիկան է ցույց տալիս, նախագահների հանդիպումները չեն բացառում պատերազմի վտանգը, բայց երբ նախագահները հանդիպում են, պատերազմի հավանականությունը նվազում է: Ուստի կողմ եմ նախագահների հանդիպմանը, բայց լուրջ որոշումներ չեմ ակնկալում, որովհետև իրավիճակը բարդացել է ապրիլյան պատերազմից հետո:

– Պարոն Դուբնով, անկայունություն է առաջացրել ԼՂՀ Պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի վերադարձն Արցախ: Ըստ Ձեզ, հաշվի առնելով նրա քննադատական հրապարակային ելույթները, պահանջները՝ նրան ՊՆ նշանակելու վերաբերյալ, խոսակցությունները` նրա և ՀՀ երկրորդ նախագահի կապի մասին, ինչո՞ւ է նա վերադարձել, դրանում կա՞ քաղաքական նպատակ:

– Եթե՝ անկեղծ, ես դեռ լավ չեմ հասկանում: Դեռ պատրաստ չեմ առաջնայինն ու երկրորդայինն առանձնացնելուն: Նրա վերադարձն անկայունության պատճա՞ռ է, թե՞ այդ անկայունությունն ավելի է խորանալու նրա վերադարձով: Կարծում եմ` և՛ մեկը, և՛ մյուսը: Իմ համոզմամբ՝ այդ վեկտորները համընկել են, և քաղաքական տեսանկյունից գուցեև համընկել են Քոչարյանի և Բաբայանի ձգտումները, բայց նրանց երկար միությանը ես չեմ հավատում, քանի որ նրանց հարաբերությունները բավականին բարդ պատմություն են ունեցել: Բայց ներկայումս իրավիճակային իմաստով կարող են համագործակցել: Քոչարյանի ռեսուրսը, թվում է, որ սահմանափակ է: Ուստի Բաբայանը կարող է որոշակիորեն բազմազանություն մտցնել քաղաքական խաղերի մեջ, իսկ Սամվելի Բաբայանի համար վերադարձը Ղարաբաղ՝ վերադարձ է քաղաքականության, որին նա կարոտել է: Ղարաբաղում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ շատ բացասական երևույթներ նախկինից մոռացվել են, իսկ հասարակության համար նա հերոս է, այդ հերոսը հայտնվել է, ով կարող է հիշեցնել այն բոլոր թերությունների մասին, որոնք ղարաբաղցիները գիտեն իրենց պատերազմի վերաբերյալ:

– Հայաստանյան որոշ ԶԼՄ-ներ Սամվել Բաբայանին կապում են Ղարաբաղում մոսկովյան ծրագրերի հետ` հաշվի առնելով նրա վերադարձը հենց Մոսկվայից, որտեղ, ըստ այդ աղբյուրների՝ նա լուրջ կապեր ունի: Ի՞նչ եք կարծում այս մասին:

– Ես չէի դրամատիզացնի Մոսկվայի դերակատարությունը: Ապրիլից սկսած՝ Ռուսաստանի դերակատարությունը մեծապես գերագնահատված է: Իսկ Բաբայանի հետ կապված պատմությունը` շատ ավելի, քանի որ Մոսկվայում   ապրիլյան իրադարձությունների մասին նույնիսկ քչերը գիտեին, իսկ Բաբայանի մասին որոշում կայացնող շրջանակներում քչերը գիտեն:

Տեսանյութեր

Լրահոս