«Արցախյան կոնֆլիկտում ՆԱՏՕ-ն լիակատար օժանդակում է ԵԱՀԿ Մինսկի համանախագահների ֆորմատին». Թևան Պողոսյան

Ալբանիայի պառլամենտի նախագահն իր ելույթում չի ասել, որ ամբողջությամբ սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և, որ ԼՂՀ հիմնախնդիրը պետք է լուծվի հենց այդ սահմաններում, ինչպես գրել էր ադրբեջանական մամուլը: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը, որը ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի ընթացքում այս հարցով խոսել է Ալբանիայի պառլամենտի Արտաքին հարցերի վաչության պետի հետ:

«Ինձ տրվեց անգլերեն տեքստը պառլամենտի նախագահի ելույթի, որտեղ ընդհանրապես անդրադարձ չկա, ինչպես նաև՝ եղավ վստահեցում, որ Ալբանիան իր դիրքորոշումը չի փոխել ու ամբողջովին սատարում է Մինսկի խմբի ձևաչափը: Այդ ամենը փոխանցվել է նաև ՀՀ ԱԳՆ-ին»,- նշեց Թ. Պողոսյանը:

Նա պատմեց, որ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի Քաղաքացիական հանձնաժողովում կար մեկ զեկույց՝ նվիրված ԵԱՀԿ մոնիտորների դերակատարմանն Ուկրաինայում, որտեղ կա 800 մոնիտոր.

«Մեր տարածաշրջանում ընդամենը վեցն են: Գրված էր շատ բացասական դերակատարման մասին, որ նույնիսկ 800 մոնիտորները չեն կարողանում կողմնորոշվել, թե ով է խախտել պայմանավորված զինադադարն Ուկրաինայում: Բնականաբար, ինձ շատ հետաքրքրեց՝ հասկանալ այդ խնդրի արմատները: Պետք է այդտեղ ուշադիր լինենք, երբ ապագայում նույն ԵԱՀԿ-ն մեխանիզմներ առաջարկի մոնիտորինգային ծառայությունն այստեղ մեծացնելու, նմանատիպ փորձի չգանք, ինչ Ուկրաինայում եղավ»:

Թ. Պողոսյանը նշեց, որ նստաշրջանի վերջնական հռչակագրում որևէ անդրադարձ Արցախյան կոնֆլիկտին չկար, որը նշանակում է, որ ՆԱՏՕ-ն չի տեսնում իրեն այստեղ՝ որպես որևէ դերակատարում ունեցող ինստիտուտ, և, որ լիակատար օժանդակում է ԵԱՀԿ Մինսկի համանախագահների ֆորմատին:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս