Չեխիայի նախագահ Զեմանը Երևանում հանդիպել է եզդիական համայնքի ներկայացուցիչ Ամո Շարոյանի հետ
Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանը Հայաստան կատարած այցի ընթացքում ընդունել է «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյանին: Ըստ Ա. Շարոյանի՝ առանձնազրույցի ժամանակ նա իր խորին երախտագիտությունն է հայտնել Շանգալի եզդիներին ցուցաբերած հումա նիտար և մարդասիրական օգնության համար: «Հանդիպումը անցել է ջերմ և փոխադարձ վստահության մթնոլորտում»,-ասաց Շարոյանը:
Նրա խոսքով` Զեմանը խոստացել է այսուհետ էլ հետամուտ լինել եզդիների ցեղասպանության ճանաչման, գերության մեջ գտնվող եզդի կանանց և երեխաներին ազատագրելու հարցին, աջակցել Շանգալի եզդիներին` ինքնավարության ձեռքբերման և անվտանգության ապահովման գործում: Շարոյանը խնդրել է նախագահին Չեխիայի Հանրապետության պառլամենտում Հայոց ցեղասպանությունն ընդունելուց հետո նորից Հայաստան այցելելիս հանդիպել նաև եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ. խնդրանքը հավանության է արժանացել Զեմանի կողմից: Շարոյանն իր երախտագիտությունն է հայտնել նաև Հայաստանի Հանրապետության ղեկավարությանը` նման հնարավորություն ընձեռելու համար: