ԵՄ իրարանցում. Մերկելին մեղադրում են Թուրքիայի հարձակումներին մեղմ արձագանքելու համար

Ինչպես գրում է բրիտանական Express պարբերականը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ուժեղ քննադատության է արժանացել Թուրքիայի իշխանությունների բանավոր մեղադրանքներին թույլ արձագանքելու համար, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիային մեղադրեց երկերեսանիության մեջ:

Պարբերականը գրում է, որ երկու դաշնակիցների միջև լուրջ վեճից հետո Անգելա Մերկելը պետք է պայքարի Թուրքիայի հետ համաձայնագիրը երաշխավորելու համար՝ օգնելու Եվրոպային ներգաղթյալների դեմ պայքարում:

Էրդողանը Գերմանիայի հասցեին քննադատությունների տարափ է տեղացել այն բանից հետո, երբ Գերմանիայի օրենսդիրները քվեարկեցին 1915թ. Օսմանյան Թուրքիայում հայկական կոտորածները Հայոց ցեղասպանություն ճանաչելու բանաձևի օգտին: Նշվում է, որ ծագումով թուրք գերմանացի խորհրդարանականները մահվան սպառնալիք պարունակող գրություններ են ստացել իրենց քվեարկությունից հետո:

Անելանելի վիճակում հայտնված Մերկելը Թուրքիայից հնչող մեկնաբանությունները որակել է որպես «անհասկանալի» ու պատգամավորներին անվանել «ազատ ընտրված խորհրդարանականներ»:

Բայց նրա մեկնաբանությունները լրջորեն քննադատվել են գերմանացի խորհրդարանականների կողմից, ովքեր Մերկելին մեղադրում են անհրաժեշտ քայլեր չձեռնարկելու մեջ՝ ընդդեմ Թուրքիայի հայտարարությունների:
Գերմանիայի խորհրդարանի փոխնախագահ Կլաուդիա Ռոթն ասել է. «Կանցլերը պետք է հստակ դիրքորոշում որդեգրի Էրդողանի դեմ»:

Սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Թոմաս Օփերմանը Գերմանիայի կանցլերին ևս մեղադրել է իր դիրքորոշումը ոչ պարզ կերպով շարադրելու մեջ: Նրա խոսքով՝ Մերկելը պետք է ավելի հստակ արտահայտվի, պետք է ասի, որ գերմանացի խորհրդարանականների դեմ վհուկների որս սկսելն անընդունելի է:

Պարբերականը նշում է, որ Մերկելը քննադատությունների լուրջ թիրախի տակ է հայտնվել ներգաղթյալների ճգնաժամի պատճառով, իսկ նրա կառավարությունում վիճակը համարվում է «40 տարում կուսակցության վատագույն ներքին ճգնաժամը»:

Տեսանյութեր

Լրահոս