Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնը համալրվել է նոր սարքավորումներով
Այսօր ԼՂՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն համալրվել է Fresenius Medical Care գերմանական ֆիրմայի հեմոդիալիզի (սուր երիկամային անբավարարություն) համար նոր սարքավորումներով (արհեստական երիկամների ապարատներ), որի օգնությամբ կատարվում է արյան մաքրում (հեմոդիալիզ):
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը նշել է, որ հեմոդիալիզի բաժանմունքը սկսել է գործել 2006 թվականից:
«Այն ժամանակ կար 2 հեմոդիալիզի սարքավորում, որով ապրելու հնարավորություն էր տրվում խրոնիկական երկամային անբավարարությունով տառապող հիվանդներին և երկարացնում նրանց կյանքը:
Վերջին տարիներին նոր սարքավորումների պահանջ կար, և մենք դիմեցինք «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանին, ով անմիջապես արձագանքեց: Այժմ հիվանդանոցում ունենք 11 հեմոդիալիզի սարքավորում, որից 2-ը նոր է և հանձնված է շահագործման : Շնորհակալություն ենք հայտնում հիմնադրամին և սփյուռքահայությանը` մշտապես մեզ օգնելու համար և հույս ունենք, որ համագործակցությունը կրելու է շարունակական բնույթ»,-ասել է Կ. Աթայանը:
Հեմոդիալիզի բաժանմունքի վարիչ Քրիստինե Ավագիմյանն ասել է, որ հիվանդանոցը համալրված է հեմոդիալիզի ժամանակակից սարքավորումներով և բժշկական ծառայությունները լրիվությամբ իրականացվում է անվճար հիմունքներով:
«Շաբաթական 4 ժամով երեք անգամ սուր երիկամային անբավարարություն ունեցող հիվանդներն այն օգտագործում են` մինչև կկարողանան դոնոր գտնել: Համապատասխան կայանում տեղի է ունենում ջրի մաքրման գործընթաց, որից հետո միայն այն օգտագործվում է հեմոդիալիզի համար»,-ասել է Ք. Ավագիմյանը:
Fresenius Medical Care ընկերության երևանյան գրասենյակի սերվիս-ինժեներ Արա Հակոբյանն էլ նշել է, որ իրենք սպասարկում են և Հայաստանի, և Ստեփանակերտի հեմոդիալիզի բաժանմունքներին:
«Բոլոր սարքավորումների տեղադրման և ջրի մաքրման կայանի տեխնիկական աշխատանքները մենք ենք արել:
Մեր ընկերությունը 180 երկրներում իր ներկայացուցչությունն ունի, որը սկսել է գործել 1990-ական թվականներից»,-ասել է Ա. Հակոբյանը: