«Վեհափառ հայրապետը չի կարող կարգալույծ անել Աթեշյանին, նա ինքը պետք է հրաժարվի այդ պաշտոնից»

Ինչ Պոլսո  Հայոց կաթողիկոսության ընդհանուր փոխանորդ Արամ Աթեշյանը տեղապահ է նշանակվել, Պոլսո պատրիարքարանը դարձել է գործիք թուրքական իշխանության ձեռքին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Ազգագրագետի խոսքով՝ թուրքական հանրապետությունը ստեղծման պահից իրեն ապահովագրել է իր քաղաքականության հետևանքների հնարավոր քննարկումից.

«Այս պարտավորության շրջանակներում Պոլսո մեր պատրիարքները բոլորն էլ ընկել են շատ ծանր իրավիճակների առաջ: Թուրքիայում հայերը միշտ եղել են ներքին քաղաքականության թիրախ: Տեղապահ Աթեշյանը չի կարողանում գտնել այն ճիշտ հնարավորությունը, որով ինքը կկարողանա հարաբերվել թուրքական իշխանությունների ճնշումների հետ՝ տանուլ չտալով հայկական շահերն ու պատրիարքարանի դերը: 4 տարի շարունակ, ամեն տարի մարդը պատառ-պատառ բաժիններով տալիս է, նա արդեն «այբ»-ը և «բեն»-ը վաղուց ասել է: Հիմա ինքը չի կարող հաջորդ տառերը չասել: Ինքը Թուրքիային պետք է այնքանով, որքանով այս պահին անում է այս հայտարարությունները: Հենց չարեց՝ նույնքան լքված է լինելու իշխանությունների կողմից, և ինքն այրում է բոլոր կամուրջները նաև հայության հետ»:

Կոմիտաս վարդապետ Հովնանյանի խոսքով՝ Հայ եկեղեցին թուրքերը փորձում են դարձնել խամաճիկ իրենց ձեռքում.

«Կարող է պետական մակարդակով աղմուկ չի բարձրացվում, բայց ներքին խոհանոցում Թուրքիայում միշտ հրահրում են թուրք ամբոխին՝ հայության դեմ: Այսպիսի լարված վիճակում գտնվող հայության պատասխանատուն փորձում է ինչ-որ լուծում տալ՝ պահելու համար անվտանգության մեջ այնտեղի հայերին: Երբ քեզ պարտադրում են խոսելու, դու պարտավոր ես խոսել: Այստեղից նստած՝ մենք կարող ենք դատապարտել ամեն ինչ, որովհետև մեր կյանքն անվտանգության մեջ է: Ես կարծում եմ՝ եթե նա այդպիսի քայլի դիմեց, պարզապես փորձում էր մեղմացնել թուրքերի ատելությունը՝ ձևավորված Բունդեստագի որոշմամբ»:

Ըստ նրա՝ եթե խոսքը կրոնական հարցերին է վերաբերում, ապա տարակարծությունը կարող է եկեղեցուց ներս պառակտում առաջացնել, իսկ երբ խնդիրը վերաբերում է քաղաքական հարցին, որը, ըստ նրա՝ առնչակից է հայ համայնքի խաղաղությանը, ապա խնդիրն այլ է:

Հ. Խառատյանն էլ ասաց, որ Անգելա Մերկելի հետ հանդիպման ժամանակ միայն Աթեշյանն է պատմել, թե իրենք ինչ երջանիկ են թուրքական բարեխնամ կառավարության հովանու տակ. «Դա առիթ էր տվել, որ Էրդողանին զեկուցեն, և ինքն անձամբ իր եղբայր Աթեշյանին զանգի ու շնորհակալություն հայտնի: Բայց նման շնորհակալություններից հետո հայկական համայնքի կյանքում դրական տեղաշարժեր չեն լինում: Աթեշյանի ծրագիրն է՝ հարմարվել թուրքական իշխանության պահանջներին»:

Հարցին՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը կարո՞ղ է կարգալույծ անել Աթեշյանին, Կոմիտաս վարդապետը պատասխանեց՝ ո՛չ. «Ինքը՝ որպես պատրիարք, կարող է հայտարարել, որ առանձնանում է Մայր Աթոռից»: Վարդապետի կարծիքով՝ Աթեշյանին պարզապես ստիպել են, որ հայտարարություն անի. «Ինքը ստիպված էր արձագանքել: Դա իմ անձնական կարծիքն է»:

Հ. Խառատյանն ընդգծեց՝ Աթեշյանի համար անակնկալներ չկային, ինքը պատրաստ էր այդ բեռը կրելուն.

«Բեռը կրելու խնդիրը հիմա դարձավ, որ նա անընդհատ հարկադրված է ենթարկվել հարկադրանքի: Ինչո՞ւմն է այդ դեպքում նրա պատրիարքական առաքելությունը: Վաղը-մյուս օրը կհարկադրեն դուրս հանել թուրքական համայնքը հայության դեմ, ի՞նչ պիտի անի Աթեշյանը: Աթեշյանը պետք է քաջություն գտնի ու հրաժարվի այդ պաշտոնից: Արամ Աթեշյանի հրաժարականից հետո հաջորդ փոխանորդի գտնելը շատ դժվար է լինելու: Ամեն դեպքում՝ Աթեշյանը հեռանալով՝ կփրկի իրեն և հայ համայնքին: Ասում են՝ մատդ թշնամուդ տվեցիր, ձեռքդ է ուզելու: Նա թուրքական կառավարությանն արդեն իր ձեռքն է տվել, հիմա մարմինն են ուզում»:

Կոմիտաս Վարդապետն էլ հավելեց՝ այն, որ թուրքերն առ այսօր Աթեշյանին ամուր կերպով պահում են այդ աթոռին, փաստ է. «Առաջարկություն եղավ ընտրություն կատարել, բայց իրենց ձեռք չի տալիս այդ ընտրությունը: Պետք է հասկանալ, որ թուրքերը չեն անում այն, ինչ մենք ենք ուզում, այլ անում են այն, ինչ իրենք են ուզում»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս