
ՀՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Չեխիայի Նախագահի հրաժեշտի արարողությունը

Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում հունիսի 9-ին տեղի է ունեցել պետական այցով Հայաստան ժամանած Չեխիայի Նախագահ Միլոշ Զեմանի հրաժեշտի պաշտոնական արարողությունը: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Մինչ այդ տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները բարձր են գնահատել այցի շրջանակներում կայացած բանակցությունների արդյունքները, որոնք, կողմերի համոզմամբ, նոր ազդակ կհաղորդեն հայ-չեխական բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացմանը: