
Նախագահ լինելը լուրջ աշխատանք է, այլ ոչ թե ռեալիթի շոու. Օբամա

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ նոյեմբերին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններում իր խնդիրն է համարում ընտրողներին հիշեցնել, որ ԱՄՆ նախագահ լինելը լուրջ աշխատանք է, այլ ոչ թե ռեալիթի շոու, հայտնում է BBC-ն:
Այդկերպ, նա ակնհայտորեն ակնարկել է Դոնալդ Թրամփի հեռուստատեսային կարիերան, որն արդեն ապահովել է Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու հանդես գալու շանսը: Ինչպես ասել է Օբաման NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում, Թրամփը՝ որպես նախագահ, իր երկրին վնաս կհասցնի:
Հարցազրույցում Օբաման առաջին անգամ մեկնաբանել է դեմոկրատների ներկուսակցական ընտրությունների արդյունքները: Դրանից 1 օր առաջ դեմոկրատ Հիլարի Քլինթոնը ամրապնդել էր իր հաղթանակը Վերմոնտ նահանգի սենատոր Բեռնի Սանդերսի նկատմամբ:
«Հուսով եմ, որ մոտակա շաբաթվա ընթացքում կհաջողվի միասին հավաքվել: Փրայմերիզի ժամանակ հաճախ է լինում, որ մարդիկ դառնում են շատ զգայուն»,- հավելել է Օբաման՝ հույս հայտնելով, որ Սանդերսը կընդունի իր պարտությունը, ինչը թույլ կտա Դեմոկրատական կուսակցության շարքերում վերականգնել միասնականությունը:
Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի դարձավ, որ Հիլարի Քլինթոնը հավաքել է պատվիրակների բավականաչափ ձայներ, որպեսզի դառնա ԱՄՆ պատմության մեջ առաջին կինը, որին կուսակցությունն առաջադրում է ԱՄՆ նախագահի պաշտոնին: