
«Բունդեստագում ընդունված բանաձևը բավականին թույլ էր». ՀՀԿ-ական պատգամավոր

«Բունդեստագում Ցեղասպանության ճանաչումը տարբերվում է մնացած բոլորից և առավելությունն այն է, որ ճանաչեց Գերմանիան՝ Թուրքիայի հանցակիցը: Ինքը՝ բանաձևը, բավականին թույլ էր, որովհետև քրիստոնյա այլ ազգերի մասին կար, այսօրվա Թուրքիան չի կրում պատասխանատվություն և այլն, այսինքն՝ ընդգծվել էին բաներ, որոնք թույլ բանաձև էին տվել: Բայց այն, որ Գերմանիային հետևելու են եվրոպական շատ երկրներ, ես դրանում համոզված եմ»,- այսօրվա ասուլիսին անդրադառնալով Բունդեստագում Հայոց ցեղասպանությունը դատապարտող փաստաթղթի ընդունման փաստին՝ նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:
ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն էլ հավելեց, որ փուլ առ փուլ հաղթանակի աստիճաններից մեկն էր.
«Հուսով եմ՝ հետագայում և՛ փոխհատուցում կլինի, և՛ հանցագործների պատիժ: Հանցագործների ժառանգները պետք է փոխհատուցումը տան, պատիժը նրանց վերաբերում է: Իհարկե, բոլոր թուրքերը չեն եղել Ցեղասպանության մասնակիցը, բոլոր գերմանացիները չեն եղել Հոլոքոստի մասնակիցը, բայց ամբողջ Գերմանիան պատժվեց: Ճիշտ այդպես էլ՝ Թուրքիան: Իսկ Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա կազդի ճիշտ այնպես, ինչպես մյուս կարևոր իրադարձությունները: ՀՀԿ-ն, բացի մի քանի հոգուց, կմսխի, քանի որ այդ կուսակցությունն ունի այնքան ապաշնորհ քարոզիչներ, քթով-մռթով տերմինն օգտագործողներ, որոնք կմսխեն»: